շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ ջազմենները ելույթ ունեցան Մոսկվայի 876-ամյակին նվիրված տոնական համերգին

Հայ ջազմենները ելույթ ունեցան Մոսկվայի 876-ամյակին նվիրված տոնական համերգին

Ջազային կատարումներով հայ և ռուս երաժիշտների հայտնի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայի 876-ամյակի առթիվ կազմակերպված տոնական համերգի ընթացքում։ Ջազային երեկոն նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ինչպես տեղեկանում  ենք «Դոմ Մոսկվի»-ի տարածած հաղորդագրությունից, երեկոյի ընթացքում հանդիսատեսին իրենց վիրտուոզ կատարումներով ներկայացան ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը (Մալխաս), Գարիկ Սարիբեկյանը (ստեղներ), Նիկողայոս Վարդանյանը (կոնտրաբաս), Արամ Վարդանյանը (կիթառ), Սերժ Նահապետյանը և Ալեքսանդր Արամյանը (հարվածային գործիքներ):

Համերգային ծրագրում առանձնահատուկ տեղ էին գրավում Արամ Խաչատրյանի երաժշտության իմպրովիզացիաները, որի 120-ամյակը այս տարի առանձնահատուկ շուքով նշվեց Հայաստանում և Ռուսաստանում:

04.jpg (406 KB)

«Իր կյանքով և ստեղծագործությամբ Արամ Խաչատրյանը դարձավ Հայաստանի և Ռուսաստանի մշակութային փոխհարստացման վառ մարմնացումը։ 57 տարի նա ապրել և ստեղծագործել է Մոսկվայում, որտեղ սովորել է, հետագայում դասավանդել, ներկայացել բազմաթիվ համերգներով և գրել է իր լավագույն ստեղծագործությունները, որոնք դարձել են համաշխարհային մշակույթի գլուխգործոցներ: Պատահական չէ, որ այսօրվա համերգը որոշեցինք նվիրել միանգամից երկու կարևոր տարեթվի՝ Մոսկվայի 876-ամյակին և Արամ Խաչատրյանի 120-ամյակին»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Արամ Խաչատրյանը շատ էր հետաքրքրվում ջազով և հեռավոր 1930-ականների վերջին հաճախում էր Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ հայտնի ջազ նվագախմբի փորձերին։ Ես նույնիսկ դրա մասին վկայող լուսանկար ունեմ։ Ավելին, Խաչատրյանն իր ստեղծագործություններում հաճախ է օգտագործել ջազային տարրեր։ Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս գեղեցիկ համերգին, որտեղ կոմպոզիտորի հոբելյանի տոնակատարությունը զուգակցվել է Մոսկվայի տարեդարձի հետ, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Արամ Խաչատրյանը: Հաճույքով եմ համագործակցում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ, որի տնօրենը ոչ միայն լավ ղեկավար է, այլև ստեղծագործ մարդ», - նշեց ջազմեն Լևոն Մալխասյանը (Մալխաս)։

08.jpg (443 KB)

 «Ականատես եղա հետաքրքիր համերգի, որտեղ հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային մեկնաբանությամբ: Մեծ հաճույք եմ ստացել ։ Ուրախ եմ, որ այս դժվարին ժամանակներում  հնարավորություն ունեցանք նման հրաշալի երաժշտություն լսել մեր ջազային վիրտուոզների կատարմամբ», - նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանը:

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև ռուսաց լեզվի և գրականության հանրահռչակման համար Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը։ Այն 2022-ից հանձնվում է Հայաստանի բուհերի ուսանողներին, որոնք իրենց ներդրումն են ունենում հայ-ռուսական մշակութային և կրթական երկխոսության զարգացմանը նպաստող նախագծերում։ Այս տարի այն ստացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողուհի Ռուզաննա Մխիթարյանը:

Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումներն անցկացվում էին օգոստոսի 31-ից   սեպտեմբերի 17-ը՝ Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի, ՀՀ-ում ՌԴ դեսպանության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

  • Կիսվել: