երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Ֆրանսիական համերգային գործակալությունն ապացուցել է, որ ադրբեջանցին հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ

Ֆրանսիական համերգային գործակալությունն ապացուցել է, որ ադրբեջանցին հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ

Ֆրանսիական  Agence Massis Opéra համերգային գործակալությունը, որը ներկայացնում է հայ օպերային  երգչուհի Ռուզաննա Մանթաշյանին, հանդես է եկել հայտարարությամբ, որում ապացուցում է Semper Operaball փառատոնի կազմակերպիչների հետաքրքրվածությունը՝ Մանթաշյանի՝ 2020 թ. փետրվարին Դրեզդենի օպերայում ելույթ ունենալու կապակցությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ 2019 թ. սեպտեմբերին Ռուզան Մանթաշյանին հասցեագրված նամակ է ուղարկվել՝ Դրեզդենում հանդես գալու հրավերով, և պայմանների մասին  կողմերի միջև նամակագրությունը շարունակվել է մինչև 2020 թ. հունվար ամիսը:

«2020 թ. հունվարի 10-ին մենք ստացել ենք Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը չեղարկող վերջին հաղորդագրությունը, քանի որ պրն Յուսիֆ Էյվազովը չի ցանկացել նրա հետ ելույթ ունենալ մեր առաջին հաղորդագրության մեջ նշված պատճառներով», - գրված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայ օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ու՞ր ենք հասել... Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն քաղաքական նկատառումներով:

Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»:

Ի դեպ՝ այս մասին գրել է նաև ֆրանսիական Forumopera–ն։

Ըստ հրապարակման`քանի որ տենորի ձայնն ավելի ծանրակշիռ է, քան սոպրանոյինը, Դրեզդենի ամենամյա Օպերային բալի կազմակերպիչները որոշել են պահել ադրբեջացուն։ Նրանք որոշել են, որ հանդիսավոր արարողությանը ելույթ կունենա ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովը։

  • Կիսվել: