երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում դեկտեմբերի 1-ին անցկացվելու է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը

Երևանում դեկտեմբերի 1-ին անցկացվելու է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը

Երևանում դեկտեմբերի 1-3-ն անցկացվելու է «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որին մասնակցում են շուրջ 150 առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներ։ Հրավիրված ասուլիսում «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանը նշեց, որ փառատոնի շրջանակում բավական հագեցած ծրագիր է սպասվում։ Մասնավորապես, բացումը լինելու դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:00-ին,  Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։ Ցուցահանդեսի ձևաչափով երեխաները ներկայացնելու են իրենց նկարչական և ձեռագործ աշխատանքները։ Ցուցահանդեսին հաջորդելու է «Ռոտոնդա» ներառական թատերախմբի «Էսպես չի մնա» ներկայացումը։

Արդեն դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում կանցկացվի սեմինար և վարպետության դաս։

«Ներառական կրթության ոլորտի հեղինակավոր մասնագետներ Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից կլինեն Երևանում։ Սեմինարին կարող են մասնակցել ինչպես այն մասնագետները, որոնք աշխատում են երեխաների հետ, այնպես էլ ծնողները։ Ասեմ, որ բավական ակտիվություն կա և արդեն 100 հայտ ունենք»,-ասաց Նաիրա Սարգսյանը։

Փառատոնի ամփոփումը լինելու է գալա համերգով դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, նշեց, որ հիմքում կողք կողքի լինելու, միմյանց աջակցելու, խրախուսելու գաղափարն է։

«Մշակույթը լավագույն աղբյուրներից է, որի միջոցով կարող ենք աշխատել դժվարություններ ունեցող երեխաների հետ, տանք հնարավորություն իրենց ներուժը բացահայտելու։ Ի վերջո, պետք է այնպիսի պայմաններ ապահովենք, որ այս մարդիկ ունենան  հասարակության լիարժեք մասնիկ լինելու զգացողությունը»,-ասաց Դանիել Դանիելյանը։

Մասնագետները նշում են, որ ոլորտում խնդիրները շատ են, սակայն կա պատրաստակամություն հետևողական աշխատելու՝ հիմքում դնելով կրթությունը, իրազեկումը։ Դանիել Դանիելյանն ընդգծեց, որ ներառականության ապահովման գործում շատ կարևորում են մասնագետների վերապատրաստումը, ինչպես նաև մշակութային օջախների պայմանների մատչելիությունը։

  • Կիսվել: