Երևանի Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնն ավարտվեց
Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնն իր փակումը հայտարարեց նոյեմբերի 20-ին` Վ․ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազ» ներկայացումով։ Այն հանդիսատեսի դատին հանձնեց Բրյանցևի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնը (Սանկտ Պետերբուրգ) Հ․Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Երևանի Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` նոյեմբերի 14–20-ը Երևանում, Գյումրիում և Աշտարակում՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։
Փառատոնի ծրագրում ընդգրկված էին ներկայացումներ Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից։
Փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 14-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ Արկադի Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնը ներկայացրեց ականավոր ռեժիսոր Յուրի Բուտուսովի լեգենդար «Ճայը» ներկայացումը։
Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնի նշանավոր ներկայացումներից էին Ա․ Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնի՝ «Ճայը» (Մոսկվա), «Ի․ Լ․ Կարաջալե Սատիրիկուս» Ազգային թատրոնի «Քեռի Վանյա» (Մոլդովա), Բրյանցևի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի «Քիթը» և «Ամառային գիշերվա երազը» (Սանկտ Պետերբուրգ), Սեգեդի
Պինցեսինհազ և Արադի Կամարասինհազ թատրոնների
«Կենդանի Դիակ» (Հունգարիա-Ռումինիա), Սեգեդի Պինցեսինհազ թատրոնի «ՄակբեԹԹ» (Հունգարիա)։ Այս ներկայացումները հանդիսատեսին ընձեռեցին բացառիկ հնարավորություն տեսնել ժամանակակից և դասական բեմադրությունների բազմազանությունը։
Փառատոնի օրերին Գալյա Նովենց թատերական դպրոցի հետ համատեղ անցկացվեց թատերական լաբորատորիա՝ բեմադրիչ Դորիան Ռոսսելի (Շվեյցարիա) ղեկավարությամբ․ կայացավ Վ.Շեքսպիրի «Փոթորիկը» ներկայացման առաջնախաղը:
Փառատոնը հագեցած էր հանդիպումներով, վարպետության դասերով և մասնագիտական քննարկումներով։
Հիշեցնենք, որ փառատոնի տնօրենն է ռեժիսոր, պրոդյուսեր Կարո Բալյանը։ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: Փառատոնը տարիների ընթացքում դարձել է կարևոր մշակութային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների թատերական գործիչների, ներկայացնում ժամանակակից և դասական շեքսպիրյան մեկնաբանությունների բազմազանությունը և խթանում ստեղծագործական համագործակցությունը։ Փառատոնը նպաստում է Հայաստանի միջազգային մշակութային կապերի ընդլայնմանը և հանդիսատեսին հնարավորություն տալիս տեսնելու բարձրարվեստ բեմադրություններ աշխարհի տարբեր թատրոններից:


