կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ստեղծագործական դրամաշնորհի բաց մրցույթ` Երևանի մասին կարճամետրաժ խաղարկային կինոնկարների սցենարների համար

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ստեղծագործական դրամաշնորհի բաց մրցույթ` Երևանի մասին կարճամետրաժ խաղարկային կինոնկարների սցենարների համար

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է սցենարների դրամաշնորհային բաց մրցույթ, որը նպատակ ունի ի ցույց դնելու Երևանի մշակութային շերտերն ու հանրահռչակելու քաղաքի դարավոր ժառանգությունը, ներկայացնելու երևանցիներին բնորոշ մարդկային հատկությունները: Մասնավորապես, ակնկալվում է ստանալ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի սինոփսիսներ (սցենարների նկարագրություններ): Հայտերի ստացումից հետո մասնագիտական հանձնաժողովը կընտրի լավագույն տասը սինոփսիսները: Հաջորդ փուլ անցած հայտատուները կմասնակցեն կարճամետրաժ ֆիլմերի սցենարների մրցույթին, որի արդյունքում հաղթող ճանաչված հինգ սցենարների հիման վրա կնկարահանվեն ֆիլմերը:

Դրամաշնորհային հայտերը պետք է համապատասխանեն ստորև ներկայացված պայմաններին, համարժեք լինեն նախանշած նպատակին, միաժամանակ՝ հայտատուներն ունեն ստեղծագործական ազատություն և կաղապարված չեն թեմատիկ կամ որևէ այլ սահմանափակմամբ: Յուրաքանչյուր կարճամետրաժ ֆիլմի համար նախատեսված դրամաշնորհը կազմում է 20 (քսան) մլն դրամ, որից 1 մլն դրամը հատկացվելու է սցենարի հեղինակին: Նախագծի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 (մեկ հարյուր) միլիոն ՀՀ դրամ:

Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր

  • Լրացված հայտաձև
  •  Սցենարի լոգլայն (երկու-երեք նախադասության շրջանակում ֆիլմի կարճ անոտացիա, որը կներկայացնի պատմության բուն իմաստը: Այն չի կարող պարունակել դետալներ, մանրամասներ, բացատրություններ: Լոգլայնը պետք է պատասխանի հետևյալ հիմնական հարցերին՝ ո՞վ է գործող անձը և ի՞նչ է տեղի ունենում):
  • Սցենարի սինոփսիս (մեկ էջի սահմաններում, 6-8 նախադասության շրջանակում կարճ, ամփոփ նկարագրություն՝ ինչի մասին է լինելու ներկայացվելիք պատմությունը):

Մրցույթի պայմանները

  1. Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատ ստեղծագործողները, այնպես էլ թիմով ներկայացող սցենարական խմբերը, կինոարտադրական խմբերը:
  2. Սցենարի սինոփսիսը, հետագայում նաև բուն սցենարը պետք է գրանցված լինեն ՀՀ-ում հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այնպիսի հաստատությունում, որը պայմանագրով պարտավորվում է աշխատանքի հեղինակային կամ գույքային իրավունքի խախտման պարագայում զբաղվել դրանց պաշտպանության գործով:
  3. Սցենարում ներկայացվող գործողությունները պետք է մեծամասամբ տեղի ունենան Երևանում, ուղղակի կամ անուղղակի ներկայացնեն Երևանը, նկարահանումների մեծ մասը պետք է իրականացվի Երևանում:
  4.  Ներկայացվող հայտերը պետք է ուղարկվեն՝ համաձայն կից հայտաձևի: Նույն անձը(սցենարիստների խումբը) կինոարտադրական խումբը կարող է ներկայացնել 1(մեկ) հայտ:
  5. Տեխնիկական չափորոշիչներ (յուրաքանչյուր ֆայլի վերնագիրը պետք է պարունակի ֆայլի հերթական համարը (1, 2), նախագծի անվանումը): Լոգլայնն ու սինոփսիսը պետք է գրված լինեն հայերեն, «Գրապալատ» տառատեսակով, 12 տառաչափով, տողատակը` 1,15:
  6.  Ստեղծագործողները պետք է կցեն իրենց արդեն իրականացված աշխատանքները՝ պորտֆոլիոյի տեսքով:
  7.  Հայտերը պետք է ուղարկվեն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2023 թ. հոկտեմբերի 10-ը ներառյալ: Վերջնաժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Մրցույթի ժամանակացույց
1-ին փուլ՝ Սինոփսիսների մրցույթ – հայտերի ընդունում. վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 10,
2-րդ փուլ՝ Կորոշվեն տասը լավագույն սինոփսիսները: Այս փուլ անցած հայտատուները կմասնակցեն սցենարների մրցույթին. վերջնաժամկետ՝ մինչև հունվարի 15,
3-րդ փուլ՝ Կորոշվեն 5 հաղթողները, որոնց սցենարների հիման վրա կնկարահանվեն ֆիլմերը: Հաղթողները կպարգևատրվեն:

Ընթացակարգը
Հայտերի ընդունմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, հայտատուների հետ կապ կհաստատվի հավելյալ տեղեկություն ստանալու նպատակով:
Հայտատուն սույն մրցույթին դիմելով տալիս է իր համաձայնությունն առ այն, որ հաղթող ճանաչվելու դեպքում կինոսցենարի իրականացման բոլոր իրավունքները պատկանելու են պատվիրատուին կամ վերջինիս կողմից ընտրված կողմին:

Սցենարի գնահատման սանդղակը
Ստորև ներկայացված է այն սանդղակը, որով մրցույթի երկրորդ փուլում գնահատվելու են սցենարները: Հորդորում ենք սինոփսիսը կազմելուց և մրցույթին մասնակցելուց առաջ ծանոթանալ գնահատման չափանիշերին:
Գնահատման սանդղակ
https://www.yerevan.am/uploads/media/default/0002/26/f48b5c6a9aac6ae6359ddcc95bdd143fde3bccad.pdf
Հավելյալ տեղեկություն
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-514-197 հեռախոսահամարին:

  • Կիսվել: