երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժիսոր՝ Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա):

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ. գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

Կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» կրթական ծրագրի փակման արարողությունը։ Ծրագրի շրջանակում Սիսիանի պատանիները և երիտասարդները ձեռք են բերել կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ և արհեստական բանականության AI-ի միջոցով ստեղծել են իրենց ավարտական ֆիլմը՝ որպես մասնագիտական կարողություններ ձեռք բերելու արդյունքի դրսևորում։ Փառատոնի միջոցառումները Սիսիանում կշարունակվեն մինչև հունիսի 28-ը:

Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ից, փառատոնային ծրագիրը կշարունակվի Հայաստանի կինոգործիչների միությունում, իսկ ժամը 20։30-ին Երևանի մանկական զբոսայգում ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենա մրցութային ֆիլմերի ցուցադրություն։ Հունիսի 30-ին զբոսայգու ամֆիթատրոնի հատվածում տեղի կունենան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Փառատոնային բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը:

8-րդ փառատոնի ընթացքում տեղի կունենան ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։

Մրցութային ծրագիր

Կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է միջազգային ծրագիր՝ խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր, ազգային ծրագիր՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր, ուսանողական ծրագիր՝ խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ուսանողական ֆիլմեր։

Փառատոնի ծրագրի և միջոցառումների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է փառատոնի սոցիական ցանցի էջերում՝

https://www.facebook.com/YerevanShortFilmFestival

https://www.instagram.com/yerevanshortfilmfestival/

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է 850-ից ավել հայտ՝ 90 երկրից։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 44 ֆիլմ՝ 23 երկրից (Ղազախստան, Խորվաթիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Ուզբեկստան, Կուբա, ԻԻՀ, Հունաստան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Բրազիլիա, Իտալիա, Գերմանիա, Լիբանան, Էստոնիա, Հնդկաստան, Ավստրիա, Ալբանիա, Մալայզիա, Իսպանիա, ԱՄՆ, Արգենտինա, Վրաստան), որից 17-ը՝ ազգային ծրագրում, իսկ 27-ը՝ միջազգային ծրագրում: Հայաստան են ժամանելու արտերկրի կինոգործիչներ՝ ներկայացնելու իրենց աշխատանքները։ Փառատոնի հատուկ հյուրերի կազմում են պրոդյուսերներ, կինոյի ինստիտուտների, փառատոների և տարբեր կինոընկերությունների ղեկավարներ։ Հատկանշական է, որ այս տարի նույնպես փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են հեղինակավոր դասի՝ Բեռլինի, Կաննի, Լոկառնոյի, Սանդենսի, Կառլովի Վարիի, Վենետիկի, Բուսանի, Կրակովի, Տորոնտոյի փառատոների մրցութային ծրագրում մասնակցած և մրցանակակիր ֆիլմեր՝ Ֆրանսիայից, Բրազիլիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԻԻՀ-ից, Մալայզիայից, Մեծ Բրիտանիայից։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահն է բեմադրող-օպերատոր, ռեժիսոր Վահագն Տեր-Հակոբյանը, իսկ անդամները՝ կինոքննադատ, մշակութային լրագրող Դիանա Մարտիրոսյանը, կինոռեժիսոր Վահան Գրիգորյանը։

Փառատոնի մասին

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2018 թվականին՝ կինոռեժիսոր, պրոդյուսեր Գուժ Թադևոսյանի կողմից։ Այն filmfreeway.com հարթակում ոսկե կարգավիճակ ունեցող կինոփառատոներից է։ Փառատոնի գեղարվետական ղեկավարը կինոօպերատոր և լուսանկարիչ Սուրեն Թադևոսյանն է, իսկ ծրագրերի ղեկավարը՝ ռեժիսոր, սցենարիստ Արտյոմ Բաղդասարյանը։ Փառատոնի նպատակն է բացահայտել երիտասարդ և տաղանդավոր ստեղծագործողների, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինոգործիչների բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնելու իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, իրականացնել փորձի փոխանակում:

Փառատոնի ռազմավարական նպատակներից մեկն է նաև օգտագործել մայրաքաղաքի բրենդը՝ ի նպաստ Հայաստանի ընդհանուր մշակութային միջավայրի ակտիվացման և փառատոնն ապակենտրոնացնել՝ յուրաքանչյուր տարի բացի Երևանից անցկացնելով որևէ մարզում:

  • Կիսվել: