հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել «Հաֆեզ․ գազելներ, քառյակներ» գրքի շնորհանդեսը

Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել «Հաֆեզ․ գազելներ, քառյակներ» գրքի շնորհանդեսը

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի ներկայությամբ փետրվարի 16-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հաֆեզ․ գազելներ, քառյակներ» գրքի շնորհանդեսը, գրում է parstoday.ir-ը:  

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին այս միջոցառմանը ունեցած ելույթում նշեց՝ Հաֆեզն ինչպես մի աստղ միշտ փայլում է Իրանի և ամբողջ աշխարհի երկնակամարում: «Դժվար թե Իրանում գտնեք մեկ տուն, որտեղ չլինի Հաֆեզի գազելների ժողովածուն: Ձեր ներկայությունն այս միջոցառմանն ապացուցում է, որ նա չի պատկանում աշխարհագրական տարածքի, այլ բոլորինն է»,-շեշտեց դեսպանը:

Ըստ դեսպանի՝ մշակույթը և դիվանագիտությունը նման են. պոեզիան փափուկ ուժ է, դիվանագիտությունը՝ ևս: «Մշակույթի գործիչների կարևոր առանձնահատկությունն այն է, որ նրանք մշտապես կամուրջ են հանդիսացել տարբեր երկրների միջև: Մշակույթն այն ոլորտն է, որտեղ Հայաստանն ու Իրանը կարող են ավելի ամրապնդել իրենց հարաբերություններն ու խորացնել բարեկամությունը: Իրանն աշխարհում ներկայանում է իր ուրույն մշակույթով:

Հաֆեզը, Ռումին և այլ հեղինակներ այդ մշակույթի կրողն են ու բացահայտում են այդ հարստությունը: Հաֆեզը գրում է սիրո, խաղաղության, արդարության մասին, և այդ ամենը հարկավոր է տարբեր ժողովուրդների մերձեցման համար: Դրանք այն սկզբունքներն են, որոնց համար աշխատում է դիվանագիտությունը»,-ընդգծեց Մեհդի Սոբհանին:

Նա շնորհակալություն հայտնեց գրքի թարգմանչին, նրա կատարած կարևոր ու նշանակալի աշխատանքի համար և ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում իրանական մշակույթին, գրականությանը:

Գրքի թարգմանիչ Ժորժ Աբրահամյանի խոսքով՝ Հաֆեզի գազելները մեծ ժողովրդականություն են վայելում Իրանում: «Իրանական պոեզիան ունի մի քանի գագաթներ՝ Ֆիրդուսին, Սաադին և այլք, որոնք շատ սիրված են: Այդ գագաթներից մեկը Հաֆեզն է, և մյուս պոետներից տարբերվում է նրանով, որ չափազանց մեծ ժողովրդականություն է վայելում:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը շնորհակալագրեր հանձնեց հայ իրանագետներին երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմա գործում ունեցած դերի համար:

  • Կիսվել: