Դիմումը դեռեւս քննում ենք. նախարարը՝ Դավիթ Մինասյանին երաշխավոր կանգնելու հարցի մասին
Մենք ստացել ենք դիմումը և այն սահմանված կարգով քննարկման փուլում է. առաջիկայում կպատասխանենք։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նխարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի մոր՝ իրեն ուղղված դիմումին։ Վերջինս խնդրել էր նախարարին որդու համար երաշխավոր կանգնել, որպեսզի նրա խափանման միջոց կալանքը փոխվի։
Նա նշեց, որ Դավիթի կրթության հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, որովհետեւ օրենսդրությունը նախատեսում է բոլոր հնարավորությունները կրթության իրավունք ապահովել նաև նման իրավիճակներում։ Մենք առաջին իսկ օրից Արդարադատության նախարարության գործընկերների հետ կապի մեջ ենք եղել, որպեսզի կրթության իրավունքի ապահովումը տեղի ունենա և շարունակական լինի։
Կարծում եմ այն պահին, երբ առողջական վիճակը դա թույլ կտա, հենց այդ պահից էլ կրթության իրավունքը կապահովվի, այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Իսկ դիմումի հարցը առանձին կքննարկենք»,–ասաց նա։
Հարցին՝ արդյոք երկար չի տևում դիմումի քննարկումը, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք դեռևս այն փուլում ենք, որ ձեր հարցը շատ տեղին չեմ համարում, որովհետև շատ կարճ ժամանակ է անցել և դա էլ կարծում եմ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեցող հարցերի ենք անդրադառնում և պատշաճ ժամանակին կարձագանքենք»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է, Նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նույն գործող անցնող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց։
Կալանավորումից հետո Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը վատացել է, գիտակցության կորուստ է ունեցել, որից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյանի» ԲԿ, ապա «Նաիրի» ԲԿ։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Միքայել Մինասյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։


