Ազգային տիկնիկային թատրոնը Բրազիլիայում մասնակցել է Animaneco Joinville միջազգային փառատոնին
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է Բրազիլիայի Ժոնվիլ քաղաքում անցկացված Animaneco Joinville 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին։
Տիկնիկային թատրոնը հանդես է եկել «Մատնաչափիկը» ներկայացմամբ՝ այն խաղալով երկու անգամ պորտուգալերենով։
Փառատոնի շրջանակում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ։ Թատրոնի գործունեությամբ հետաքրքրվել են Արգենտինայի և Բրազիլիայի այլ միջազգային փառատոների ղեկավարներ, ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ 2026-2028 թվականներին կայանալիք փառատոների համար։
Բրազիլիայի Animaneco Joinville 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին 24 թատերախումբ է մասնակցել ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Լատինական Ամերիկայից և եվրոպական առաջատար երկրներից։
Այցի շրջանակում Բրազիլիայի և Արգենտինայի հայ համայնքների առաջարկությամբ կազմակերպվել են ներկայացումներ Սաո Պաուլոյում և Բուենոս Այրեսում գործող հայկական դպրոցի երեխաների համար, ինչպես նաև անցկացվել են կրթական վարպետության դասեր՝ ստվերային տիկնիկների պատրաստման թեմայով։


