շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առաջին անգամ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում թանգարանների ոլորտն ունի իր մայր օրենքը

Առաջին անգամ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում թանգարանների ոլորտն ունի իր մայր օրենքը

Ազգային ժողովի փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Այսպիսով՝ առաջին անգամ անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող հիմնական մայր օրենքը։

Օրենքի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը:

Օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» կատարմամբ, ինչպես նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման պահանջով։

«Թանգարանների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է թանգարանների  գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում թանգարանների տեսակները, գործառույթները, ՀՀ թանգարանային հավաքածուի  ձևավորման, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, անվտանգության սկզբունքները, ինչպես նաև ՀՀ թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանության հանձնելու և արտահանման գործընթացները:

Օրենքով ամրագրվում են լիազոր պետական մարմնի լիազորությունները, թանգարանների աշխատողների իրավունքների և պարտականությունների, թանգարանային կրթության իրավական հիմքերը, ոչ պետական թանգարանների հավատարմագրման իրավակարգավորումները և համայնքային թանգարանների գործունեության սկզբունքները:

Նշենք, որ օրենքի նախագիծը մշակելու նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից ուսումնասիրվել են թանգարանային գործում առաջադեմ համարվող մի շարք երկրների (Կանադա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Լատվիա, Ճապոնիա) ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը, ինչպես նաև ԱՊՀ երկրների  թանգարանային  գործը կարգավորող օրենսդրությունը: Օրենքի նախագծում կիրառվել է նաև Թանգարանային միջազգային խորհրդի` ԻԿՕՄ-ի կողմից ընդունված Թանգարանների աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագիրքը:

2023 թվականի հուլիսի 17-18-ը Եվրոպական Միության «ԹԱՅԵՔՍ» տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակում նախագիծը քննարկվել է փորձագիտական առաքելության շրջանակում։

  • Կիսվել: