ուրբաթ, հոկտեմբեր 11
11 / 10 / 2024
Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը հանդիսավորությամբ տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան

Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը հանդիսավորությամբ տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան

Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան են բերվել Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը:

2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցահանդեսը: Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության նպատակով՝ 6 ամսով:

Թանգարանի մուտքի մոտ բացառիկ ցուցանմուշի տեղափոխման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

«Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանի պատմության թանգարան ցուցանմուշը տեղափոխվել է հանդիսավորությամբ և անվտանգության բոլոր կանոնների խիստ պահպանմամբ: Հանրային հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է բացառիկ ցուցանմուշի տեղափոխման ողջ ընթացքը և այս կարևոր իրադարձության կապակցությամբ զրուցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Կարեն Ավետիսյանի հետ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ օրը խորհրդանշական է, քանի որ Հայաստանի պատմության թանգարանում հնարավորություն է ստեղծվում բացելու միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ:

«Շատ կարևոր է, որ ցուցադրության առանցքային նմուշը Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված մասերն են, որոնք հատուկ կարևորություն ունեն մեր հանրություն համար: Յուրաքանչյուր երեխա դեռ դպրոցական դասագրքերից իրեն ծանոթ պատկերը մոտիկից տեսնելու հնարավորություն կունենա: Այս ցուցադրությունը կարևորում եմ բազմաթիվ առումներով. թե՛ թանգարանային կյանքի աշխուժացման և որակի բարձրացման իմաստով, թե՛ մշակույթին հանրության ավելի մեծ չափով առնչություն ունենալու, թե՛ միջազգայնացման ուղղությամբ»,- ասել է նախարարը:

Խոսելով թանգարանային ոլորտում միջազգային երկկողմ համագործակցության կարևորության մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է.

«Մինչ այս տարբեր հեղինակավոր թանգարանների հետ եղել են բազմաթիվ ցուցադրություններ, և սովորաբար ցուցադրվել են հայաստանյան թանգարանների նմուշներն այդ թանգարաններում: Այսօր բացառիկ հնարավորություն է նաև այն իմաստով, որ Հայաստանն է փոխառնում հեղինակավոր թանգարանների ցուցանմուշները և դրանք հասանելի դարձնում մեր հանրությանը: Պետությունն ամեն կերպ խրախուսում է թանգարանների նմանօրինակ համագործակցությունը: Պետք է հիշեցնեմ, որ այս տարի ընդունվել է «Թանգարանների մասին» օրենքը, որը նոր հնարավորություններ է ընձեռում նաև թանգարանային ոլորտի համագործակցության համար: Այս տարի նաև 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնվել է թանգարանների հավաքածուների համալրման բյուջեն, որով մեր թանգարանները հնարավորություն են ստացել իրենց հավաքածուները համալրել նոր և արժեքավոր ցուցանմուշներով»:

Նախարարն անդրադարձել է նաև ցուցադրության առանցքային՝ մայրության և կանանց թեմային՝ կարևորելով պատմականորեն կանանց դերը հանրային կյանքում:

«Կարծում եմ՝ հրաշալի հնարավորություն է ընձեռվելու նաև տարբեր նմուշների ցուցադրությամբ տեսնել, թե ինչպես է կանանց դերը փոխակերպվել մի ժամանակից մյուսը, բայց անփոփոխ է մնացել նրանց կարևորությունը: Պետականության զարգացման գործում կանայք ունեն առանձնահատուկ նշանակություն, և ես հուսով եմ, որ Անկախության օրը ցուցադրության բացումը հնարավոր կդարձնի այդ կարևոր խոսակցությունը»:

Խոսելով սպասելիքներից՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ակնկալում է ցուցադրությանը տեսնել մեծ հերթեր՝ տեղեկացնելով, որ սա մեկ ցուցանմուշի ցուցադրություն չէ.

«Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի մասունքների՝ գլխի և ձեռքի հետ, պատմական հանդիպման ձևաչափով ցուցադրվելու են նաև Հայաստանի պատմության թանգարանում պահվող մայրության թեմային վերաբերող արժեքավոր ցուցանմուշները՝ սկսած նոր քարի դարի ժամանակներից մինչև քրիստոնեական շրջանին վերաբերող նմուշներ: Ցուցադրության շրջանակում լինելու են տարբեր միջոցառումներ, քննարկումներ, և այն լինելու է մշակութային կյանքի մեծ իրադարձություններից մեկը:

«Այս ցուցահանդեսն իր ծավալով և որակով համատեղ ջանքեր է պահանջում և, բնականաբար, այն իրականացվում է գործընկեր կազմակերպությունների հետ: Իհարկե, ցուցադրության հայեցակարգի գաղափարը Հայաստանի պատմության թանգարանինն է՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ, սակայն համատեղ ցուցադրությունը կազմակերպվել է պետական կառույցների և մասնավորի ներգրավմամբ»,- ասել է նախարարը:

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի նշմամբ՝ նշանակալի մշակութային այս իրադարձությունը շատ կարևոր և խանդավառ պահ է երկու երկրների հարաբերությունների համատեքստում.

«Ես պատկերացնում եմ՝ որքան կարևոր է Անահիտ աստվածուհու գլխի և ձեռքի ցուցադրությունը հայերի համար: Անչափ կարևորում եմ Բրիտանական թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությունը, որը հնարավոր դարձրեց այս իրադարձությունը: Հույս ունեմ, որ ցուցադրությունը կունենա բազմաթիվ այցելուներ»:

 

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության համատեքստում անդրադարձել է Անահիտի բրոնզաձույլ արձանի մասունքների հայտնաբերման պատմությանը, և թե ինչպես է այն հասել Բրիտանական թանգարան: Տնօրենն անդրադարձել է նաև թանգարանային բացառիկ ցուցանմուշի անվտանգության և պահպանման ռեժիմի կարևորության հարցերին և հավելել, որ այդ գործընթացն անհրաժեշտ է մեծագույն ճշգրտությամբ պահպանել:

  • Կիսվել: