Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
՛՛Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ:
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:
Ռուս խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 297 տոննա մարդասիրական բեռ:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2534,9 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26792 պայթյունավտանգ առարկա:
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում: