ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վիտալի Բալասանյանի կողմից չեն արվելու ԱՀ անվտանգային համակարգին վնաս հասցնող  հայտարարություններ․ պաշտպան

Վիտալի Բալասանյանի կողմից չեն արվելու ԱՀ անվտանգային համակարգին վնաս հասցնող հայտարարություններ․ պաշտպան

ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱՀ նախագահի նախկին գլխավոր խորհրդական գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ձերբակալման շուրջ լրատվամիջոցներում տարածվող տարաբնույթ հրապարակումների և օբյեկտիվ իրողությունից դուրս մեկնաբանությունների վերաբերյալ հստակություն մտցնելու համար հարկ եմ համարում իրազեկել, որ դրանք դուրս են վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներց (Քրեական գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում): Այս մասին հայտարարություն է տարածել Վիտալի Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Թեև Վ. Բալասանյանը ներկայումս չի զբաղեցնում որևէ պաշտոն պետական կառավարման համակարգում, վերջինս ԱՀ պետական-անվտանգային համակարգի կայունացման ու արդիականացման ուղղությամբ շարունակում էր պետական համապատասխան կառույցների հետ աշխատանքը՝ ներդնելով իր ռազմական փորձն ու հմտությունները: Միևնույն ժամանակ ընդգծում եմ, որ անկախ ներկայումս Վ. Բալասանյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների ողջ նպատակադրությունից, վերջինիս կողմից չեն արվելու այնպիսի հայտարարություններ, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի Հանրապետության անվտանգային համակարգին:

Խնդրում ենք զերծ մնալ դատավարության ընթացքը խաթարող և Վ. Բալասանյանի հեղինակության վրա ազդող անհիմն ու չփաստարկված հրապարակումներից»,- ասվում է հայտարարությունում:

  • Կիսվել: