Վերանորոգվում է Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը
Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնն ամեն տարի ընդունում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 1000 քաղաքացիների , այդ թվում՝ հակամարտության հետևանքով տուժածներին։
Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը նախաձեռնել է կենտրոնի մասնակի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։

«2021թ․ապրիլին ԿԽՄԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում սկսել է Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի մասնակի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։ Դրանք կընթանան երկու փուլով և, նախնական հաշվարկներով, կավարտվեն ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին։ Մեր նպատակն արդյունքում անվասայլակով անձանց ազատ տեղաշարժման ապահովումն է, ինչպես նաև շենքի և աշխատանքային պայմանների բարելավումը», - «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության տեղեկատվական բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:
