«Վագիֆ Խաչատրյանը տեղավորվել է Բաքվի բուժհաստատություններից մեկում, ստացել բուժօգնություն, պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար». Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Լաչինի միջանցքում Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի առևանգման և Ադրբեջանի տարածք տեղափոխման առնչությամբ:
Այսպես՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Խաչատրյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում՝ բուժում ստանալու նպատակով: Նա տեղավորվել է Բաքվի բուժհաստատություններից մեկում, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար։
Բացի այդ՝ նշված է, որ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը, իբր, ՛՛շարունակում է քաղաքական մանիպուլյացիաների մեջ մտնել՝ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և իր պարտավորություններից խուսափելու նպատակով՛՛:
՛՛Հայաստանի ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են՛՛,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն Արցախից ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու համար եկել էր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղադրված անցակետ, որտեղից ադրբեջանական կողմը նրան առևանգել է:
Հետագայում պարզվել է, որ Խաչատրյանն Ադրբեջանում է, նրան մեղադրանք է առաջադրվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ իբր ՛՛ռազմական հանցագործություններ կատարելու՛՛ համար։