հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տյառնընդառաջի խորհրդով Արցախի  եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ

Տյառնընդառաջի խորհրդով Արցախի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ

Այսօր` փետրվարի 14-ին, հայոց եկեղեցին նշում է Տյառնընդառաջը:Տոնի խորհրդով այսօր Արցախի թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ:

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Մատթեոս քահանա Դրավանցը մեզ հետ զրույցում ասաց, որ «Տյառնընդառաջ» անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ, ըստ որի՝ ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար։
 
«Այսօր Արցախի, Հայաստանի, ինչպես նաև արտասահմանում գործող  հայկական  եկեղեցիներում նշում են Տյառնընդառաջը`  մեծ ուրախությամբ գնալով Տիրոջն ընդառաջ։ Նրանք, իհարկե, իրենց հետ տանում են նաև իրենց զավակներին։ Հենց այս օրը բոլոր մարդիկ գնացին տաճար, տեսան մանուկ Հիսուսին`  իր մոր և հոր գրկում, ով եկել է փրկելու բոլոր մեղավոր մարդկանց»,-ասել է Տեր Մատթեոս քահանան։
 
Հոգևոր հովվի խոսքով՝ այսօր, ցավոք, երիտասարդությունն այնքան էլ ամուր չի կապված եկեղեցուն, հոգևոր կյանքին, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
«Սուրբ Սարգսի, Տյառնընդառաջի տոներին բազմաթիվ երիտասարդներ եկան օրհնվելու, և դա արդեն իսկ հուսադրող  է։ Նրանք պետք է գիտակցեն, որ եկեղեցի գալը մոմ վառելը չէ միայն, այլ մեղքերի ծանրաբեռնվածությունից ազատվելն է»,-ընդգծել է Տեր Մատթեոս քահանա Դրավանցը, հայտնում է artsakhpress.am-ը:

  • Կիսվել: