չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիայի պնդումները, թե իբր ՀՀ-ն և ԱՀ-ին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը. ԱԳՆ խոսնակ

Թուրքիայի պնդումները, թե իբր ՀՀ-ն և ԱՀ-ին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տարածել Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ.

՛՛Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը: 

Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:

Հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման և տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություն հովանավորող երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի՝ իրենց երկրները միջազգային ահաբեկչության կենտրոն դարձնելու և այդ ժանտախտը տարածաշրջանով սփռելու համատեղ ջանքերը, որոնց դիմակայումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ուժերի սերտ համագործակցությունը:

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ՛՛: 

  • Կիսվել: