«Թուֆենկյան» հիմնադրամի ներկայացուցիչները Մարտունու շրջանի մի շարք համայնքների ղեկավարների հետ քննարկել են իրականացվելիք ծրագրերը
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր, Խերխան, Ծովատեղ և Մաճկալաշեն համայնքների ղեկավարների հետ և քննարկել այդ համայնքներում իրականացվելիք զարգացման տարբեր ծրագրեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիմնադրամի Արցախի ծրագրերի կառավարիչ Էդվին Գրիգորյանն ասել է, որ զարգացման ծրագրերը նպատակ ունեն բարելավելու այդ համայնքների բնակիչների կենսապայմանները:

«2021 թվականի ընթացքում հիմնադրամը իր ուշադրության տակ է առել Մարտունու շրջանի մի շարք համայնքներ, կատարել տների վերանորոգում, կառուցել նոր տներ: 2022 թվականին արդեն մեր կողմից ֆինանսական միջոցներ են տրամադրվել գյուղերի զարգացման ծրագրերին: Քննարկելով գյուղերում առկա հնարավորությունները՝ որոշել ենք զարգացնել անասնապահությունը, մասնավորապես` ոչխարաբուծությունն ու խոզաբուծությունը։ Զարկ կտրվի նաև խաղողագործությանը, այգիներ կհիմնվեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարտունու շրջանի բնակիչները միշտ էլ շատ են զբաղվել մեղվաբուծությամբ, այդպիսով կշատացնենք մեղվափեթակների քանակը: Հերհեր համայնքից երեք ընտանիք արդեն օգտվել է այդ ծրագրից»,-նշել է Է. Գրիգորյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Խերխանի և Ծովատեղի աշխարհագրական դիրքով պայմանավորված` նշված համայնքներում կզարգացնեն անասնապահությունը, իսկ այգիների հիմնումը այդ գյուղերում նպատակահարմար չէ: