հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թշնամին նպատակադրվել է լուծարել Արցախի պետական ինստիտուտները, կլանել Արցախը. հայտարարություն

Թշնամին նպատակադրվել է լուծարել Արցախի պետական ինստիտուտները, կլանել Արցախը. հայտարարություն

««Արցախ» հայրենասիրական կանչ» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախն ինքնորոշվել է՝ հենվելով ինչպես խորհրդային, այնպես էլ միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման սկզբունքների և նորմերի վրա: Պետականությանը ներկայացվող բոլոր չափանիշներին համապատասխան՝ Արցախի Հանրապետությունը դեֆակտո չճանաչված անկախ պետություն է։ Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու հայի իրավունքը բացարձակ արժեքներ են:

Հայրենակիցնե՛ր, սկսած 1988 թ. աշխարհասփյուռ հայ ժողովուրդը արել է հնարավորինս Արցախի պաշտպանության, ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի Հանրապետության կայացման սուրբ գործի համար: Արդյունքում՝ կայացած Արցախի Հանրապետությունը հայության հպարտությունն է:

2020թ. նոյեմբերի 9-ից հետո և հատկապես շրջափակման պայմաններում արցախցիները դրսևորել են պետականության պահպանման բացառիկ միասնականություն՝ զերծ պահելով պետությունը ցնցումներից, ցուցաբերելով դժվարությունները հաղթահարելու կամք և տոկունություն։

Ստեղծված ծանր իրավիճակում թշնամին նպատակադրվել է լուծարել Արցախի պետական ինստիտուտները, կլանել Արցախը, բռնի կերպով հպատակեցնել արցախցիներին, իրականացնել էթնիկ զտումներ:

Այն, որ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակում պետականության դեմ ուղղված սպառնալիքը կարող է պայմանավորված լինել նաև ներքին հակասություններով, թշնամանքով և պառակտումով, անթույլատրելի են և դրանք շատ արագ կտանեն պետության հիմքերի քայքայման ու ինքնաոչնչացման: Ստեղծված ծանր իրավիճակում ոչ թե ներքին հակասությունների, անգամ արդարացի պահանջների լուծմամբ պետք է զբաղվել, այլ պետք է լինեն նպատակաուղղված գործողություններ հայ ժողովրդի միասնականությամբ, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Հորդորում ենք բոլորին՝ պետական այրերին, քաղաքական, հասարակական ու ռազմական գործիչներին, լինել զգոն, հանդուրժող և ունեցած գիտելիքները, փորձը, ամբողջ ներուժը ծառայեցնել միայն ու միայն ինքնորոշման իրավունքի իրացմանը»,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: