հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տոկիոյում կազմակերպվել է ճապոնացի ֆոտոլրագրող Մակիո Մացումուրայի՝ Բերձորի միջանցքում կատարած լուսանկարների շնորհանդեսը

Տոկիոյում կազմակերպվել է ճապոնացի ֆոտոլրագրող Մակիո Մացումուրայի՝ Բերձորի միջանցքում կատարած լուսանկարների շնորհանդեսը

Ս.թ. հունվարի 28-ին Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիան (JAFA) Տոկիոյում կազմակերպել էր ճապոնացի ֆոտոլրագրող Մակիո Մացումուրայի՝ Բերձորի միջանցքում կատարած լուսանկարների շնորհանդեսը: Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:

Մ. Մացումուրան 2023թ. հոկտեմբերին այցելել էր Հայաստան և անձամբ լուսանկարել Բերձորի միջանցքով արցախցի փախստականների հոսքը դեպի Հայաստան:

Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել JAFA-ին՝ ի դեմս Հիդեհարու Նակաջիմայի, ցուցահանդեսի կազմակերպման և դժվարին պահերին Հայաստանի կողքին լինելու համար:

«Այն, ինչ իր լուսանկարներում արձանագրել է պարոն Մացումուրան և ցուցադրել այստեղ հավաքվածներիս, դա միջազգային կարգի և մեխանիզմների անկարողությունն էր պարտադրել կոնկրետ երկրների գործել միջազգային իրավունքին համաձայն»,- նշել է դեսպանը և ավելացրել, որ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն` մինչ օրս Բերձորի միջանցքը պետք է գործեր՝ անխափան և ապահով կապ հանդիսանալով Հայաստանի և Արցախի միջև:

Դեսպան Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանը Ճապոնիայի նման ժողովրդավար երկրներից ակնկալում է հասցեական դատապարտում ադրբեջանական անօրինական գործողություններին՝ դրանով իսկ նպաստելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

  • Կիսվել: