ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տևական խաղաղության դեպքում միայն հնարավոր կլինի կյանքի կոչել գյուղի զարգացման ծրագրերը. Մոխրաթաղի համայնքապետ

Տևական խաղաղության դեպքում միայն հնարավոր կլինի կյանքի կոչել գյուղի զարգացման ծրագրերը. Մոխրաթաղի համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքը 150-200 տարվա պատմություն ունի. այն շրջանի՝ ավանդույթներով հարուստ գյուղերից մեկն է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոխրաթաղի համայնքապետ Նորայր Ամիրյանը:

Նրա խոսքով՝ գյուղի պատմական լինելը փաստում է տասներկուերորդ դարում կառուցված «Ինը մաս» եկեղեցին: «Խորհրդային տարիներին Մոխրաթաղում 100 տնտեսություն կար՝ 700 բնակչով, իսկ այսօր այն 321 բնակիչ ունի: Այստեղ գործում են համայնքային կենտրոն, բուժկետ:

Դպրոցի շենքային պայմաններն այնքան էլ գոհացուցիչ չեն, սակայն այստեղ կրթվում ու հայրենասիրական ոգով է դաստիարակվում 64 աշակերտ. 7-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են: Դպրոցին կից մի քանի տարի առաջ կառուցվել է մանկապարտեզ, որն ունի 18 սան: Այստեղ է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը տարիներ շարունակ բնակչության համար հավատքի օջախ է եղել, այսօր՝ առավել քան երբևէ»,-պատմել է Ն. Ամիրյանը՝ տեղեկացնելով, որ համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, բայց գազաֆիկացված չէ: Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղի բնակիչներն աշխատանքից չեն խուսափում:

Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` անասնապահությունն ու հողագործությունը։ Կան նաև խաղողայգիներ մշակողներ։ Համայնքը լեռնային է, ունի 2856,80 հա տարածք, որից 1350,59 հա-ը` գյուղատնտեսական նշանակության, 1369,05 հա-ն էլ անտառային հողեր են։ «Այսօր բոլորիս համար կարևոր է, որ Արցախում տևական խաղաղության լինի, միայն այդ պարագայում գյուղի զարգացման ծրագրերը հերթով կյանքի կկոչվեն: Մեր սերունդները պետք է ապրեն այս հողի վրա, զարգացնեն հայրենիքն ու փոխանցեն հաջորդներին»,-ընդգծել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: