Տատիկն ու Պապիկը՝ Արցախի տանը․ Դիլաքյան եղբայրների հայտնի շարքը ցուցադրվում է Երևանում
Երևանում այսօր բացվել է նյույորքաբնակ Դիլաքյան եղբայրների՝ Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի թեմատիկայով իլյուստրացիոն աշխատանքների ցուցահանդեսը։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը ցուցահանդեսի բացման խոսքում ընդգծել է նախաձեռնության կարեւորությունը։
«Ուրախ եմ ողջունել ձեզ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության մեր այս գողտրիկ անկյունում, որին «Արցախի տուն» անունն ենք տվել։ Այսօր այս սրահն, իսկապես, Արցախի տուն է, որովհետև այստեղ են ամենահայտնի երկու արցախցիները՝ Տատիկն ու Պապիկը` իրենց կյանքի ամենադրամատիկական շրջաններից մեկի՝ 44-օրյա պատերազմի օրերի պատմություններով»,-նշել է նա։
Մշտական ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կշրջի Սփյուռքի բոլոր օջախներով և կազադարարի, որ Արցախը կա, արցախցին տեղում է, նորոգում է իր տունն ու ապագայի հանդեպ հավատով է զինված` այնպես, ինչպես Դիլաքյան եղբայրների հետպատերազմական աշխատանքներում է շատ պատկերավոր նկարագրվում։
Հանդիպել իրենց պատմությունների հերոսներին՝ Տատիկին ու Պապիկին. սա է Դիլաքյան եղբայրների ամենամեծ նպատակն այսօր։ Իսկ մինչ այդ արվեստագետները խորհրդանշական նվեր փոխանցեցին Արցախի նախագահին` հույսով, որ մի օր այս աշխատանքները կցուցադրվեն Շուշիում։
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը բաց կլինի ևս 2 օր՝ հունվարի 27-ին և 28-ին` ք․ Երևան, Նաիրի Զարյան 17/2 հասցեում` ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում։
Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպել են Դիլաքյան եղբայրները՝ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության հետ համատեղ։