ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024

«Sunrise Stepanakert» արվեստի փառատոնի ընթացքում տեղի է ունեցել նաև «Խոսք և շարժում» խորագրով վարպետաց դաս

Նախօրեին եզրափակվել է «Sunrise Stepanakert» արվեստի փառատոնը, որի շրջանակներում ի թիվս մի շարք այլ միջոցառումների, տեղի է ունեցել նաև «Խոսք և շարժում» խորագրով վարպետաց դաս:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դասընթացավար, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանը մանրամասնել է, որ մասնակիցներին նախ ներկայացվել են խոսքի, այնուհետև հանրային խոսքի տարբերություններն ու առանձնահատկությունները:

«Մանրամասնեցինք՝ հանրային գործչի ելույթ ունենալու հմտությունները, որից հետո տեղափոխվեցինք թատերական աշխարհ՝ պարզաբանելով, թե ինչ են իրենցից ներկայացնում խոսքը և շարժումը թատրոնի դերասանի դեպքում»,- հավելել է մեր զրուցակիցը, ում տեղեկատվությամբ՝ վարպետաց դասի մասնակիցներից շատերը հայտագրվել էին հանրային գործչի հմտություններին տիրապետելու նպատակով:

Տեսական գիտելիքներն ամրապնդելու համար վարպետաց դասի ընթացքում կազմակերպվել են նաև համապատասխան խաղեր, իսկ դասընթացի վերջում տեղի է ունեցել ակտիվ քննարկում: Դասընթացավարի խոսքով՝ հովհարային անջատումների ընթացքում չեն կարողացել կազմակերպել նաև ծրագրով նախատեսված վարժանքների դիտումներ ու տեքստերի ընթերցումներ:

  • Կիսվել: