չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտում կկազմակերպվի ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթը

Ստեփանակերտում կկազմակերպվի ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթը

2021 թվականի հունիսի 17-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում (ժամը 10.00-15.00-ն) և Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում (ժամը 16.00-18.00-ն) կկայանա ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթը, որի նպատակն է հայկական ժողովրդական երգարվեստի և երաժշտարվեստի բնագավառներում բացահայտել շնորհաշատ պատանի երգիչներին և երաժիշտ-կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը:

Այս մասին տեղեկացրեցին ԱՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից: Մրցույթը մեծ նշանակություն ունի ԱՀ երաժշտական ու արվեստի դպրոցների միջև շփման, համագործակցության և հանրապետությունում ազգային նվագարանների ուսուցման գործընթացի զարգացման համար: Այն կազմակերպվում է մեկ փուլով, երկու տարիքային խմբերով՝ ա) կրտսեր խումբ՝ մինչև 16 տարեկան (ներառյալ) բ) ավագ խումբ՝ 17-ից 25 տարեկան:

Մրցույթին կարող են մասնակցել ԱՀ երաժշտական ու արվեստի դպրոցների, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի «Ազգային նվագարաններ» և «Ժողովրդական երգեցողություն» բաժինների շնորհալի աշակերտներ, ուսանողներ (անհատ կատարողներ), ինչպես նաև խմբեր, նվագախմբեր ովքեր հանդես կգան երկուական ստեղծագործությամբ՝ մասնակիցների կամ խմբերի ղեկավարների ընտրությամբ:

Մրցույթին իրենց մասնակցությունը կբերեն 9 մասնագիտությունների գծով ընդհանուր թվով 97 հոգի, որից 64-ը՝ անհատ կատարողներ, 33-ը՝ խմբային: Մրցույթի մասնակիցները ներկայացնում են Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը և Ստեփանակերտի ու ԱՀ շրջանների երաժշտական և արվեստի 5 դպրոցներ: Հունիսի 17-ին ժամը 10.00-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում իրենց ուժերը կփորձեն կրտսեր տարիքային խմբի մասնակիցները: Իսկ ժամը 16.00-ից մրցույթը կշարունակվի Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի մեծ դահլիճում՝ երկրորդ տարիքային խմբի մասնակիցների համար:

Մրցույթում մրցանակային տեղեր զբաղեցրած անհատ կատարողները մասնակցություն կունենան 2021 թվականի հոկտեմբեր ամսին ք. Երևանում կայանալիք ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 6-րդ մրցույթին:

  • Կիսվել: