ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում կազմակերպվում են ծրագրավորման անվճար դասընթացներ

Ստեփանակերտում կազմակերպվում են ծրագրավորման անվճար դասընթացներ

Ստեփանակերտի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամում ընթանում են ծրագրավորման անվճար դասընթացներ։

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կազմակերպվող դասընթացներին կարող են մասնակցել ցանկացած մասնագիտության, ցանկացած բնագավառի մասնագետներ, ինչպես նաև մասնագիտություն չունեցող յուրաքանչյուր ոք, ով պատկերացնում է իրեն տվյալ ոլորտում:

«Դասընթացների նվազագույն շեմին կարող են մասնակցել 9-րդ դասարանն ավարտած, հաճախ նաև հենց 9-րդ դասարանում սովորող աշակերտները, իսկ առավելագույն շեմին՝ բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման: Արդեն ունենք մասնակցության հայտ ներկայացրած 60 դիմումատու»,- մեզ հետ զրույցում նշել է «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի բարձր տեխնոլոգիաների բաժինի ավագ մասնագետ Միլենա Ավագիմյանը և ընդգծել, որ դասընթացների կազմակերպման նպատակը ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետներ պատրաստելն է՝ դրանով նպաստ բերելով երկրի տնտեսության զարգացմանը։

Դասընթացները կազմակերպվում են վեց փուլով` վեց ամիս տևողությամբ: «Առաջին փուլը ընդհանուր բազային գիտելիքների մասին պատկերացում ստանալն է: Մնացած հինգ փուլերը վերաբերում են նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը`Bacend և Frontend ծրագրավորումից: Առաջին փուլի ավարտից հետո սովորողները բաժանվելու են խմբերի և շարունակելու են մասնագիտական ուղղվածությամբ խորը գիտելիքներ ձեռք բերել»,- հավելել է Մ. Ավագիմյանը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ եթե աշակերտը տանը չունի համակարգիչ, ապա հիմնադրամի բարձր տեխնոլոգիաների բաժինը պոտենցյալ ունեցող աշակերտներին առաջարկում է շաբաթվա ցանկացած օր ու ժամ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ ստանալ հավելյալ գիտելիքներ:

  • Կիսվել: