Ստեփանակերտում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված Շարժման 35-ամյակին (լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 20-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման մեկնարկը տրվել է Արցախի Հանրապետության պետական օրհներգով:
Ներկաները լռության րոպեով հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմներում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացած հերոսների հիշատակին:

Օրհնանքի խոսք է ասել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Աստվածաշնչում գրված է, որ արդարությունը բարձրացնում է ազգին, բայց մեղքը ժողովուրդներ է կործանում: Այս խոսքերը գալիս են փարատելու մեր բոլոր հակասական մտածումները, որոնք ծնվում են մեր մեջ, երբ հիշում ենք 35 տարի առաջ մեր ժողովրդի ազգային վերազարթոնքը, և երբ միաժամանակ հայացք ենք գցում մեր ներկա կյանքին: Իսկապես, հիշատակի և գնահատանքի արժանի օրեր էին, երբ արցախահայությունը, միակամ դարձած, սկսեց իր աստվածապարգև ազատության համար շարժումը: Այն նշանակում է, որ ժողովուրդը սկսել է շարժվել, աշխատել, կրավորական անտարբերությունից ու անգործությունից անցել գործնական քայլերի, և արդյունքը հաղթանակն էր»,-ասել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ելույթի իր խոսքում շնորհավորել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ Արցախյան շարժման 35-ամյա հոբելյանի կապակցությամբ:

«Համայն հայության ճակատագրորեն երակթված այս հատվածի համար շարժումը, հիրավի, ունեցավ դարակազմիկ նշանակություն՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակութունից ազատ ու անկախ ապրելակերպի հայտ ներկայացնելու տեսանկյունից: Մեր հիշողությունների ժապավենը հետ պտտելով դեպի 1988 թվականի իրադարձություններ՝ մեկ անգամ ևս ոգևորվում ու հպարտանում ենք խորհրդային ժամանակների արցախյան սերնդի նախաձեռնած համազգային զարթոնքով: Ղարաբաղյան շարժման հերթական հոբելյանը տոնում ենք համեստ ձևաչափով: Բայց հավատացած եղեք, որ մեր պատմական առանցքային նշանակության բոլոր հոբելյանները ապագայում կդիմավորենք տոնական տրամադրությամբ: Աստված պահապան հայկական երկու Հանրապետություններին: Շնորհակալություն 88-ի շարժման մեր ակտիվիստներին՝ իրենց այդ հայրենանվեր գործի համար»,-իր խոսքում ասել է Ա. Թովմասյանը:

Արցախյան շարժման ակտիվիստ Սլավա Առուշանյանի խոսքով՝ 1988 թվականի փետրվարյան դեպքերը իրենց բնույթով աննախադեպ էին, քանի որ հենց այդ ժամանակ արցախցի ակտիվիստները առաջին անգամ ձեռնամուխ եղան ԼՂԻՄ-ը Մայր Հայրենիքին վերամիավորման հռչակմանը:

Շարժման ակտիվիստ Համլետ Գրիգորյանն էլ, վերհիշելով 1988 թվականի փետրվարյան դեպքերը, ընգծեց, որ արցախցին իր երկրում՝ Արցախի հողի վրա, ապրելու է այնպես, ինչպես ապրել է դարերով:

«Արցախյան շարժումը լայն թափ ստացավ 1988-ին, երբ սկսեցին մեզ ճնշել, իրենց կամքը թելադրել: Այդ ժամանակ մենք պոռթկացել ենք և ցույց տվել, որ դրանց երբեք չենք ենթարկվելու: Ոչ մեկի մտքով թող երբեք չանցնի, որ ինչ-որ ուժեր կամ թուրքը կարող է մեր ոգին կոտրել: Մենք միշտ լինելու ենք միասնական»,-նշել է շարժման ակտիվիստ Կամո Սաֆարյանը:

Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական կատարումներով:

Ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, գերատեսչությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

