կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ստեփանակերտում կանցկացվի Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կազմակերպած «Ֆիզտեխ» օլիմպիադայի առաջին փուլը

Ստեփանակերտում կանցկացվի Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կազմակերպած «Ֆիզտեխ» օլիմպիադայի առաջին փուլը

Հունվարի 27-ին Ստեփանակերտի Ա․ Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում տեղի կունենա Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (МФТИ) կողմից կազմակերպված «Ֆիզտեխ» օլիմպիադայի առաջին փուլը։

Օլիմպիադային կարող են մասնակցել 10-12-րդ դասարանի աշակերտները։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Օլիմպիադայի հիմնական նպատակը աշակերտների շրջանում ֆիզիկայի և մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրության խթանումն է, ինչպես նաև ստեղծագործական ունակությունների բացահայտումը։ Առաջին փուլը հաղթահարած աշակերտները կմասնակցեն «Ֆիզտեխ 2022» օլիմպիադայի եզրափակիչ փուլին, որտեղ հաղթողները կարող են ընդունվել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ` առանց մրցութային քննություններին մասնակցելու։ Օլիմպիադան կանցկացվի երկու՝ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից, յուրաքանչյուր առարկայի համար աշակերտներին կտրամադրվի 2 ժամ:

Մաթեմատիկայի օլիմպիադան նախատեսված է մեկնարկել ժամը 10։00-ին, ֆիզիկայինը` 12։30-ին:

Օլիմպիադային մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքէջում կամ օգտագործել արդեն գոյություն ունեցող օգտահաշիվը։ Հաջորդիվ սեղմել "Вступить в мероприятие" կոճակը օլիմպիադայի հղումով: Տպել մասնակցի լրացման հարցաթերթիկը, որն անհրաժեշտ է ներբեռնել "Очные Олимпиады" նշակետից(ֆիզիկայի և մաթեմատիկայի համար առանձին)։ Աշակերտը պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, նախապես լրացված հարցաթերթիկ, վանդակավոր մաքուր տետրեր (յուրաքանչյուր առարկայի համար առանձին տետր), գրենական պիտույքներ (գրիչ, մատիտ): Խստիվ արգելվում է օգտագործել հաշվիչ, էլեկտրոնային որևէ սարք, տեղեկատու նյութեր: Գրանցման ժամանակ տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում ցանկացողները կարող են զանգահարել 077791081 հեռախոսահամարին:

  • Կիսվել: