շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստեփանակերտի համար 3 ռուսական թեքմամբ դպրոցն այս տարի ունեցավ 20 շրջանավարտ

Ստեփանակերտի համար 3 ռուսական թեքմամբ դպրոցն այս տարի ունեցավ 20 շրջանավարտ

Այսօր՝ հունիսի 5-ին, Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 ռուսական թեքմամբ դպրոցում հնչեց վերջին զանգ․ այս տարի դպրոցն ունեցավ 20 շրջանավարտ:

Միջոցառման սկիզբից բեմ հրավիրվեցին շրջանավարտները։
 
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը:
 
«Այս պատերազմում մենք կորցրեցինք դպրոցի 29 շրջանավարտների,մենք գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առաջ: Բայց կյանքը շարունակվում է, և այսօր դպրոցում կրկին «Վերջին զանգ» է: Դպրոցը այս երեխաներին տվել է կյանքի առաջին դասերը, նրանք այստեղ ապրել են իրենց կյանքի ամենալուսավոր տարիները: Մենք հավատում ենք նրանցից յուրաքանչյուրին և համոզված ենք, որ անպայման մի օր կհպարտանանք նրանցով,- մեզ հետ զրույցում նշել է Ն. Սարգսյանը:
 
Շրջանավարտները և ներկաները հարգեցին Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված դպրոցի 29 շրջանավարտների և բոլոր զոհվածների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին նրանց հիշատակին տեղադրված  ցուցատախտակին՝ «Կյանքս կյանքիդ գնով» երգի մեղեդու ներքո։
 
Այնուհետև ցուցադրվեցին շրջանավարտների առաջին զանգից կադրեր, որից հետո նրանց իրենց բանաստեղծություններով շնորհավորեցին դպրոցի առաջին դասարանի աշակերտները և նվերներ ստացան շրջանավարտների կողմից:
 
Շրջանավարտները շնորհակալական խոսքեր ուղղեցին դպրոցի տնօրենին, դասղեկին և ուսուցչական ողջ կոլեկտիվին՝ նրանց բարության, համբերատարության ու տված գիտելիքների համար:
 
Իր սաներին ավարտելու կապակցությամբ շնորհավորեց դասղեկ Կարինե Սարգսյանը:
«Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, միմյանց փոխանցել ենք գեղեցիկ պահեր ու զգացողություններ: Ցանկանում եմ նրանց, որ կյանքում միշտ հասնեն հաջողությունների, հասնեն իրենց նպատակներին և ունենան մեծ ձեռքբերումներ, գտնեն իրենց տեղը այս կյանքում»,- մեզ հետ զրույցում նշել է Կ. Սարգսյանը:
 
«Վերջին զանգ»-ի արարողությունը եզրափակվեց աշակերտների կողմից ավանդական դարձած դպրոցական վալսով:
 

  • Կիսվել: