հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Շուշիի ուղղությունից ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել. ԱՀ ՄԻՊ

Շուշիի ուղղությունից ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել. ԱՀ ՄԻՊ

Շուշիի ուղղությունից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

՛՛ՄԻՊ ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում հաստատվել է փաստը, որ մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։

Տեղեկությունը հաստատել են նաև պետական լիազոր մարմինները:

Միջադեպի մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ ուժերը։

Առողջապահության նախարարությունից և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ստացված տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձևավորելու նպատակ։

Միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրումը ուղղակի ահրաժեշտություն է ադրբեջանական կողմի նկրտումները զսպելու և սադրանքները բացառելու համար։
Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ադրբեջանական ոտնձգությունները ռուս խաղաղապահների և միջազգային հանրության կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի` այդ թվում հրապարակային՛՛,-գրել է նա։

  • Կիսվել: