հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում. Արցախի առողջապահության նախարարություն

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը նպատակ ունի հումանիտար աղետ ստեղծել Արցախում. Արցախի առողջապահության նախարարություն

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում՝ ասված է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

«Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպությունների­ն անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Միջադեպի վերաբերյալ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:  

  • Կիսվել: