երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Շրջափակման պայմաններում կենտրոնական ավտոկայանն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. անդրադարձ

Շրջափակման պայմաններում կենտրոնական ավտոկայանն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. անդրադարձ

Ադրբեջանի կողմից Արցախը Մայր Հայաստանին կապող միակ` կյանքի ճանապարհի փակ լինելու պայմաններում Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանը փորձում է եղած ռեսուրսներով Հանրապետության ողջ տարածքում իրականացնել երթևեկություն բոլոր երթուղիներով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի տնօրեն Կարո Աբրահամյանը:

«Իրականացվող աշխատանքների շնորհիվ կարողանում ենք ապահովել շրջաններից դեպի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ գործող տրանսպորտային բոլոր միջոցների կանոնավոր երթևեկությունը։ Այն  տրանսպորտային միջոցները, որոնք մինչ շրջափակումը գործարկվում էին գազով, այսօր աշխատում են բենզինով, իսկ  դիզվառելիքով աշխատող տրանսպորտային միջոցներին  դեռ կարողանում ենք տրամադրել անհրաժեշտ քանակությամբ դիզվառելիք:, քանի որ  մինչ շրջափակումը հասցրել էինք  դիզվառելիք  պահուստավորել»,-իրազեկել է մեր զրուցակիցը` հավելելով` շրջկենտրոններ և գյուղեր տանող երթուղայինները գերծանրաբեռնված են, որովհետև մարդիկ հասկանալի պատճառով իրենց ավտոմեքենաները սեփական կարիքների համար օգտագործել չեն կարողանում։

Տնօրենի խոսքով` արվում է հնարավորը, որպեսզի բաց թողնված երթեր չլինեն: Իսկ ավտոկայանի ամենօրյա գործունեությունը  ԱՀ Կառավարության անմիջական ուշադրության ներքո է:

 

  • Կիսվել: