հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանում 180 հա տարածք են ականազերծել

Ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանում 180 հա տարածք են ականազերծել

Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Ականազերծման խումբն ավարտել է Կոլխոզաշեն բնակավայրի հարակից տարածքը պայթյունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ավելի քան 20 հա հարակից տարածք է մաքրվել, հայտնաբերվել է 12 պայթյունավտանգ առարկա»,- հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը:

Հաղորդվում է, որ 2,5 ամսում սակրավորների կողմից մաքրվել և ականազերծվել է ավելի քան 180 հեկտար տարածք Մաճկալաշեն, Խերխան, Հերհեր, Կոլխոզաշեն բնակավայրերում, որոնք տեղակայված են կողմերի սահմանազատման գծի մոտակայքում: Տեղանքի ականազերծումն իրականացվել է գյուղատնտեսական աշխատանքների կատարման և ընտանի կենդանիների արածեցման համար:

Ընդհանուր առմամբ, մաքրվել է 183 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 139 պայթյունավտանգ առարկա:

Ականազերծման աշխատանքների իրականացման համար զինծառայողներն օգտագործում են ОВР-2 ականազերծման պաշտպանիչ համալիրները և ИМП-С2 որոնող սարքերը:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում ռուս սակրավորները ստուգել են 1937 շինություն, մաքրվել է ավելի քան 683 կմ ճանապարհ և ավելի քան 2281 հեկտար տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել է 25 803 պայթյունավտանգ առարկա:

  • Կիսվել: