Ռուս խաղաղապահների զգուշավորությունը տեղին է. Արցախի պետնախարարը՝ Լաչինի միջանցքը բացելու մասին
Եթե խոսում ենք ճանապարհի արգելափակմանը մասնակից ադրբեջանցիներին հեռացնելու, այլ վայր տեղափոխելու մասին, ապա ենթադրվում է, որ ռուս խաղաղապահները սա պետք է կատարեն ֆիզիկական ուժ, բռնություն գործադրելու եղանակով: Ըստ էության նման քայլը կարող է իրավիճակի սրման, վատթարացման տանել: Ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե ինչու ռուս խաղաղապահները չեն բացում ճանապարհը:
«Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է: Ռուս խաղաղապահները ջանք են գործադրում խնդիրը լուծել քննարկումների և դիվանագիտական ուղիների գործադրման միջոցով: Երբ Ադրբեջանը ճանապարհի փակման համար ներկայացնում է այն հիմնավորումը, թե իբր Արցախից անօրինական հանքանյութ է արտահանվում կամ իբր Հայաստանից զենք է տեղափոխվում Արցախ, այս մտահոգությունները փարատելու համար նույնիսկ ռուսական կողմը քննարկեց հնարավոր տեխնիկական միջոցների գործադրմամբ այդ «մտահոգությունները» փարատելու հարցը: Բայց Ադրբեջանը իր մոտեցմամբ վերահաստատեց, որ այդ փաստարկներն իրականում ձևական պատճառաբանություններ են»,-ասաց Արցախի պետական նախարարը:
Վերջինս մեկ անգամ ևս նկատեց, որ խաղաղապահների կողմից շարունակվում են անհրաժեշտ բոլոր միջոցները խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու համար․
«Բայց ի վերջո, Ադրբեջանն իր քայլերով հաստատեց, որ այդ հայտարարությունները ընդամենը ձեւական պատճառաբանություններ են, նույնիսկ տեխնիկական սարքերի միջոցով բեռնատարների վերահսկման միջոցով նրանց մտահոգությունները չեն փարատվում: Ադրբեջանը լրացուցիչ մեկ այլ պահանջ ներկայացրեց՝ ճանապարհին անցակետ տեղադրելու վերաբերյալ: Սա ցույց տվեց Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները: Սա եւս վկայում է, որ խաղաղապահների կողմից շարունակաբար ձեռնարկվում են բոլոր միջոցները հնարավոր խաղաղ ճանապարհով այդ խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ»,ընդգծեց Գուրգեն Ներսիսյանը՝ կարծիք հայտնելով, որ հնարավոր բոլոր միջոցների սպառման դեպքում, անհամեմատ ավելի առարկայական քայլեր կձեռնարկվեն»: