ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ն՝ որպես պետություն, թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության ոչ արդարացի լուծում. Զատուլին

ՌԴ-ն՝ որպես պետություն, թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության ոչ արդարացի լուծում. Զատուլին

Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ արդարացի լուծում:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում բնակվում է 2 միլիոնից ավելի հայ՝ ասլով, որ սա երկրի բնակչության ազդեցիկ եւ հարգարժան հատվածն է: Զատուլինի խոսքով՝ կայացման ճանապարհին ժողովուրդներն ու պետություններն անցնում են հրի ու ջրի եւ փառքի միջով: «Ես Ղարաբաղում բազմիցս եմ եղել: Եղել եմ Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի առանց բացառության բոլոր հակամարտային գոտիներում: Մեծ տպավորություն է գործում այն, որ, չնայած բոլոր զոհողություններին եւ տառապանքին, Արցախի ժողովուրդը ցուցադրում է խաղաղ կյանքի վիթխարի ձեռքբերումներ: Արցախում մարդիկ ապրում են լիարժեք կյանքով՝ դիմակայելով ցանկացած հավակնության»,- նշել է նա:

Զատուլինն ասել էր, որ բոլորս ակնկալում ենք եւ հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կգերիշխեն բարի կամքն ու սթափ մոտեցումը, եւ խաղաղությունը կվերադառնա այս հող:

Զատուլինն ընդգծել է, որ Ռուսաստանը սատարում է խաղաղ լուծմանը եւ ամեն կերպ կանխում է ռազմական փորձերը: Նրա խոսքով՝ նման փորձ ձեռնարկվեց նաեւ 2016 թվականի ապրիլին, եւ Ռուսաստանն ամեն ինչ արեց՝ այն ամենաարագ կերպով դադարեցնելու եւ պայթյունավտանգ լարվածությունը նվազեցնելու համար:

«ՌԴ-ն՝ որպես պետություն, թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության ոչ արդարացի լուծում: Ով էլ որ լինի վարչապետը կամ նախագահը, ռուս ժողովուրդն առաջին հերթին գնահատում է խիղճն ու արդարությունը: Իսկ նրանք ձեր կողմից են»,-եզրափակեց Զատուլինը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: