երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ մշակույթի գործիչները ԼՂ մշակութային ժառանգության պահպանության հարցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին

ՌԴ մշակույթի գործիչները ԼՂ մշակութային ժառանգության պահպանության հարցով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Ռուսաստանի մշակույթի գործիչները, որոնց թվում են դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում են Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական ​​և ճարտարապետական ​​ժառանգության հուշարձանները ներառել համաշխարհային ժառանգության ցանկում`դրանց հետագա պահպանման համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նրանց հղած բաց նամակում, մասնավորապես, ասվում է. ՛՛Մենք՝ միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս, խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական ​​և ճարտարապետական ​​ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են և նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո էլ կարող են ոչնչացվել, ավերվել և վանդալիզմի ենթարկվել: ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում ենք օգտագործել իր հեղինակությունն ու լիազորությունները՝ հուշարձանները փրկելու համար՝ դրանց անհրաժեշտ կարգավիճակ տալով և ներառելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՛՛:

Նշվում է նաև, որ մշակույթի գործիչները մտահոգություն են հայտնել, որ ԼՂ մշակութային ժառանգությունը կարող է արժանանալ Պալմիրայի ճակատագրին:

 

  • Կիսվել: