հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՌԴ խաղաղապահները ապահովել են Ասկերանի բնակիչների անվտանգությունը ցորենի բերքահավաքի ժամանակ

ՌԴ խաղաղապահները ապահովել են Ասկերանի բնակիչների անվտանգությունը ցորենի բերքահավաքի ժամանակ

Խաղաղապահ զորախմբի ռուս զինվորականներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակիչների անվտանգությունը կողմերի սահմանազատման գծի մոտ հացահատիկային մշակաբույսերի հավաքման ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

 
«Այսօրվա նպատակը բերքահավաքի անվտանգության ապահովումն է: Մաքրման աշխատանքներն իրականացվում են Ասկերանի շրջանում եւ կիրականացվեն մեկ շաբաթվա ընթացքում: Այդ աշխատանքներն իրականացվում են շփման գծի մոտակայքում, ուստի մեր ներկայությունն անհրաժեշտ է»,- ասել է ռուսական խաղաղապահ զորածմբի ներկայացուցիչ Իգոր Սերգեեւը:
 
Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում ցորենի բերքահավաքը սկսվել է ուշացումով՝ ռուս սակրավորների կողմից գյուղատնտեսական նշանակության հողերի՝ պայթուցիկ նյութերից մաքրումից եւ չպայթած զինամթերքի ականազերծումից հետո: «Ցորեն ենք հավաքում, տարածքները շատ չեն, բայց ինչ կա, այն էլ մշակում ենք: Շնորհակալություն ռուս խաղաղապահներին՝ մեր անվտանգությունն ապահովելու համար: Շուտով կսկսվեն աշնանային աշխատանքները, կրկին ապավինում ենք խաղաղապահների օգնությանը»,- ասել է Ասկերանի շրջանի բնակիչ Սուրեն Բաբայանը: Ասկերանի շրջանի դաշտերի բերքահավաքով Լեռնային Ղարաբաղում ցորենի բերքահավաքը գրեթե կավարտվի, սակայն տեղի բնակիչներն արդեն դիմում են Մարդասիրական արձագանքման կենտրոնին՝ ցանքի աշխատանքները չխափանելու համար:
 
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած բոլոր ռազմական գործողությունների հրադադար հայտարարվեց Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

  • Կիսվել: