Պարտադիր պայման չէ, որ արտաքին քաղաքական ուղղությունում Արցախի և Հայաստանի թեզիսային խոսույթները համընկնեն. Արամայիս Աղաբեկյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանի կարծիքով պարտադիր պայման չէ, որպեսզի արտաքին քաղաքական ուղղությունում Արցախի և Հայաստանի խոսույթները թեզիսային առումով համընկնեն:
«Կարծում եմ, որ նույնիսկ պարտադիր է, որ ինչ-որ հարցերում չհամնկնեն:
Հայաստանը, որպես միջազգայնորեն ճանաչված պետություն, դիվանագիտական իր ձևակերպումների մեջ ավելի զգույշ լինի, խաղարար դիրքորոշմամբ ու դիվանագիտական խոսույթով առաջնորդվի, իսկ Արցախը, որպես ինքնորոշման իրավունքի սուբյեկտ, արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի այլ խոսույթով: Սա, իհարկե, կարող է համակարգված և համաձայնեցված լինել ոչ հանրային մակարդակով, ինչն ընկալելի և ընդունելի պիտի լինի: Ավելին՝ իրենց ժողովրդական, քաղաքական-մշակութային էլիտա համարողները պիտի հասկանան ևայս հանգամանքը ներկայացնեն որպես երկու հանրապետություններին ձեռնտու քայլ, և ոչ թե դրա մեջ փորձեն փնտրել քաղաքական վեկտորների տարբերություններ և ՀՀ ու Արցախի իշխանությունների միջև «թշնամական» վերաբերմունք:
ՀՀ արտաքին քաղաքական դիվանագիտության բոլոր թեզերը, որոնք այժմ ներկայացված են Արցախի վերաբերյալ, հիմնականում շեշտադրում են Արցախում ապրող հայերի իրավունքները՝ մասնավորապես անվտանգության, կյանքի: Այն դեպքում, երբ ԱՀ իշխանությունը՝ ի դեմս Նախագահ Արայիկ Հարությունյանի, նշում է, որ մեր վերջնական նպատակն անկախությունն է: Սրանք ի սկզբանե տարբերվող թեզեր են և սա նորմալ է: Այս հանգամանքը չի նշանակում, որ երկու իշխանությունների հարաբերությունները սրված են, ինչը տրամաբանական չի կարող լինել»,- ընդգծեց Արամայիս Աղաբեկյանը՝ հավելելով, որ փոխադարձ համաձայնությամբ ու միասնական օրակարգով, կարող է ենթադրվել զույգ հայկական հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների տարբերվող գործիքակազմ և խոսույթ: