ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նվիրումը` անմահություն... Արթուր Գասպարյան

Նվիրումը` անմահություն... Արթուր Գասպարյան

2020թ. Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ:

Նրանցից է կրտսեր սերժանտ Արթուր Գասպարյանը: Արթուր Արտյուշայի Գասպարյանը ծնվել է 2000թ. սեպտեմբերի 12-ին, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Սովորել է Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցում` 12-րդ դասարանն ավարտելով 2019թ մայիսին:

Բնութագրությունը հասանալի չէ

«Դպրոցն ավատելուց հետո զորակոչվել է և պարտադիր ժամկետային ծառայության անցել Ասկերանի զորամասում: Արժանացել է մի շարք մեդալների («Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ», «Մարտական հերթապահություն»): Նա բարի, նվիրված, երաժշտասեր և անչափ աշխատասեր տղա էր: Եղբայրս օրինակելի զինվոր էր։ Նա սիրում էր, որ ամեն ինչ անթերի լինի։ Այդպիսին էր նաև բանակում», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արթուրի քույրը` Լիլյան:

Բնութագրությունը հասանալի չէ

Մայրը` տիկին Ինեսան, պատմում է, որ Սեպտեմբերի 27-ին մի կերպ են կարողացել կապ հաստատել որդու հետ։ «Անընդհատ հույս էր տալիս, հորդորում չանհանգստանալ։ Ծառայության մեկնելիս էլ հպարտություն կարելի էր տեսնել նրա աչքերում։ Արթուրս զինվորագրվեց ու հավերժ զինվոր մնաց։ Վերջին անգամ հոկտեմբերի 8-ին եմ որդուս ձայնը լսել։ «Ամեն ինչ լավ է,- ասաց,-լավ մնացեք, հնարավոր է` անհասանելի լինեմ, ուրիշ տեղ ենք տեղափոխվում»: Հոկտեմբերի իննին Արթուրս էլ չկար։ Նա անմահացավ Ջրականում»,- ասում էր մայրը։

Արթուր Արտյուշայի Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

  • Կիսվել: