հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նոր Ղազանչիում բարեկարգվել են ներհամայնքային ճանապարհները. Համայնքապետ

Նոր Ղազանչիում բարեկարգվել են ներհամայնքային ճանապարհները. Համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքը 172 բնակիչ ունի: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նոր Ղազանչիի համայնքապետ Ռուսլան Առուստամյանը պատմեց, որ գյուղը ստեղծվել է 17-րդ դարում, բայց մոտակա տարածքներում առկա հնությունները փաստում են, որ այն բնակավայր է եղել դեռևս 12-րդ դարից սկսած:

Գյուղն իր անվանումը ստացել է տեղի արհեստավորների մասնագիտությունից, որոնք հայտնի են եղել կենցաղային մետաղե ամանեղեն՝ Արցախի բարբառով «ղազան» պատրաստելու գործով։ «Պատերազմից հետո տեղահանված 4 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 2-ը՝ Սոնասարից, 1-ը՝ Հովտաշենից, 1-ն էլ՝ Քարին տակից:
 
Համայնքապետարանի շենքը վերանորոգման կարիք ունի. ակումբ և բուժկետ չունենք. անհրաժեշտության դեպքում՝ օգնություն ենք ստանում հարևան Կիչանի բուժկետից: Հանդիսությունների սրահը վերանորոգման կարիք ունի:
 
Դպրոցում սովորում է 87 աշակերտ: մանկապարտեզ չունենք, բայց մանկապարտեզի ենթակա 16 երեխա կա գյուղում. անհրաժեշտ ենք համարում ունենալ մանկապարտեզ: Ներհամայնքային ճանապարհները մեկ ամիս առաջ ենք բարեկարգել: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, սակայն անհրաժեշտությոնն օր֊օրի ավելի է զգացվում: Շուրջ 4 ամիս է՝ ոռոգման ջրի խնդիր ունենք»,- ներկայացրել է համայնքապետը:
 
Նրա խոսքով՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում 1 համագյուղացի է վիրավորվել: Անդրադառնալով գյուղացիների զբաղվածությանը՝ Ռ. Առուստամյանն ասել է, որ պատերազմից հետո 9 հա վարելահող է մնացել թշնամու տիրապետության տակ, սակայն շարունակում են զբաղվել գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ:

  • Կիսվել: