չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Նոր երթուղու փոփոխությունը ստորագրված է 3 ղեկավարների կողմից. Արայիկ Հարությունյանը արձագանքեց Փաշինյանի մեղադրանքներին

Նոր երթուղու փոփոխությունը ստորագրված է 3 ղեկավարների կողմից. Արայիկ Հարությունյանը արձագանքեց Փաշինյանի մեղադրանքներին

Լաչինի միջանցքին փոխարինող երթուղու առումով ՀՀ-ի, Արցախի եւ Ադրբեջանի կողմից կար ընդհանուր հասկացողություն եւ բոլորն ընդունել են այն: Այս մասին այսօր՝ Արցախի Հանրային ՀԸ-ը տված բացառիկ հարցազրույցում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձագանքելով Փաշինյանի այն մեղադրանքին, որ Լաչինի միջացքով երթուղու փոփոխությունը Ստեփանակերտը կատարել է ինքնուրույն նույնիսկ փաստի առաջ է կանգնացել ՀՀ իշխանություններին:

«Առաջին փուլում քննարկվում էր՝ երթուղին որտեղով պետք է ընթանա, Ադրբեջանն ուներ իր առաջարկությունը, Ռուսաստանն ուներ իր առաջարկությունը, բայց վերջում ընդունվեց մեր առաջարկությունը, հենց այս երթուղու ընտրությունը եղել է պահպանել մեր գյուղերը՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, եթե ընդունեինք այլ ճանապարհը, ապա կկորցնեինք այդ գյուղերը եւ բազմաթիվ այլ հիմնավորումներ ունենք, թե ինչու էր հենց այս երթուղին, այսինքն ընդունվեց Ղարաբաղի առաջարկությունը եւ դա վերջում ընդունեց եւ ՀՀ-ն եւ ՌԴ-ն եւ Ադրբեջանը:

Եւ Հայաստանը մինչ այդ մրցույթ էր հայտարարել, նախագծային աշխատանքներ էր իրականացրել մինչ այդ, այսինքն երթուղու առումով բոլորի կողմից կար ընդհանուր հասկացողություն եւ բոլորն ընդունել են։ Չեմ ուզում հրապարակել այն փաստաթղթերը, որը ես ունեմ և երթուղու համաձայնեցման և ժամկետների առումով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից, սակայն ես կարող եմ հրապարակել ռուս խաղաղապահների հրամանատարի նամակը, որով նա հայտնում էր, որ օգոստոսի հինգին պետք է լքեն միջանցքի այդ երթուղին եւ տեղափոխել իրենց հենակետերը նոր երթուղի»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ժամկետի առումով գնում էին բանակցություններ, որ պետք է լրացուցիչ համաձայնագիր ստորագրվեր, բայց չստորագրվեց։ «Նոր երթուղին ԼՂԻՄ-ի տարածքում էր, ինչու եմ ԼՂԻՄ ձեւակերպում, որովհետեւ ԼՂԻՄ-ի տարածքում ռուս խաղաղապահները այլ կարգավիճակով էին, իսկ միջանցքի տարածում այլ կարգավիճակում էին: Ընդամենը մեր խնդիրն է եղել՝ փրկել մեր հայրենակիցների կյանքը, խնդրել ենք 20 օր հետաձգել եւ այդ 20 օրվա ընթացքում մեր հայրենակիցների տեղահանումն ենք կազմակերպել: պատկերացնում էիք՝ ինչ վիճակ կլիներ, եթե ադրբեջանական զորքը մտներ Բերձոր, Աղավնո եւ մեր մի քանի հարյուր հայրենակիցներ մնային այնտեղ։ Մնացած այլ առումով, մենք որևէ այլ որոշում չենք ընդունել կամ ստորագրել»,- ասաց նա:

Արցախի նախագահը շեշտեց, որ նոր երթուղու փոփոխությունը ստորագրված է երեք ղեկավարների կողմից. «Մենք չենք ստորագրել երթուղու փոփոխությունը եւ շրջափակումը կապված չէ երթուղու փոփոխությամբ»: Արցախի նախագահը նաեւ անդրադարձավ այն մեղադրանքներին, թե ինչու ԱՀ իշխանությունները նոր երթուղով էլեկտրաէներգիայի, գազի եւ այլ ենթակառուցվածքներ չեն կառուցել, ասաց, որ յուրաքանչյուր երթուղով այդ ենթակառուցվածքների մի հատվածը միևնույն է հասանելի էր լինելու ադրբեջանական կողմի համար և արդյունքը լինելու էր նույնը։

«Եվ վատն այն է, որ այդ շահարկումները տարածվում են իրավիճակից տեղյակ չեղող մարդկանց շրջանակում, ստեղծելով անհիմն մեղադրանքների և լարվածության նորանոր առիթներ»,- պարզաբանեց ԱՀ նախագահը։

  • Կիսվել: