հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախագահ Հարությունյանն ուղերձ է հղել «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» գիտագործնական համաժողովի մասնակիցներին

Նախագահ Հարությունյանն ուղերձ է հղել «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» գիտագործնական համաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ստեփանակերտում կայացած «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» գիտագործնական համաժողովին՝ կարևորելով համաժողովի խորագիրը և վստահություն հայտնելով, որ այն կարող է ծառայել որպես արդի աշխարհաքաղաքական գործընթացների քննարկման, համապատասխան ելքերի և լուծումների առաջադրման բովանդակային հարթակ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը գիտագործնական համաժողովի մասնակիցներին է ներկայացրել Նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը:

Ուղերձում ասված է.

««Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» գիտագործնական համաժողովի հարգելի մասնակիցներ, հարգարժան մտավորականներ  

Կարևորում եմ համաժողովի խորագիրը և վստահ եմ, որ այն կարող է ծառայել որպես արդի աշխարհաքաղաքական գործընթացների քննարկման, համապատասխան ելքերի և լուծումների առաջադրման բովանդակային հարթակ: Պետք է արձանագրենք, որ արդի աշխարհաքաղաքական գործընթացների և վերադասավորումների պայմաններում ձևավորվում է նոր աշխարհակարգ, որի տարածաշրջանային մակարդակում Արցախի Հանրապետությունը ներկայանում է հետևյալ իրողություններով և օրակարգային խնդիրներով.  

2020 թ. ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմն իր ունեցած հետևանքներով խաթարեց տասնամյակներով հաստատված տարածաշրջանային կարգը: Տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում վտանգված է հայկական երկու պետությունների ապագան:  

Պատերազմով պայմանավորված իրողությունների հետևանքով որպես Արցախի Հանրապետության արտաքին անվտանգային երաշխիք ամրագրվել է ՌԴ խաղաղապահ առաքելությունը, որն այսօր հիմնական զսպող հանգամանքն է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ հետագա լայնածավալ ագրեսիան կանխելու գործում: Ստեղծված պայմաններում ՌԴ խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգումը կենսական անհրաժեշտություն է:  

Ադրբեջանը շարունակում է «սողացող ագրեսիաների» մեխանիզմով և հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներով պատերազմել Արցախի և Հայաստանի հանրապետությունների դեմ, որի նպատակը էթնիկ հիմքով ահաբեկչությունը և հայաթափումն է:  

Ադրբեջանը շարունակում է սպառազինությունների համալրման և հայ ժողովրդի դեմ ատելության համակարգված քաղաքականությունը: Ստեղծված պայմաններում, Արցախի Հանրապետությունը պարտադրված է հետևողականորեն բարելավելու սեփական ժողովրդի անվտանգության մեխանիզմները, այդ թվում՝ առաջնահերթորեն Պաշտպանության բանակի ինքնապաշտպանական կարողությունները։  

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը մնում է չկարգավորված՝ ադրբեջանական ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականության պատճառով: Այս հարցում Ադրբեջանի վրա միջազգային ներազդման ջանքերը շարունակում են դեկլարատիվ մակարդակում մնալ:  

Մենք կարևորում ենք միջազգային խաղացողների և ուժային կենտրոնների առաջարկներն ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանի միջպետական հակասությունների հարթմանը, մակրոտարածաշրջանային մակարդակում կոնֆլիկտային զարգացումների բացառմանը: Միաժամանակ, այդ առաջարկները պետք է համապատասխանեն մեր ազգային կարիքներին ու շահերին և բացառեն միակողմանի լուծումները: Արցախն առանցքային տեղ ունի տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման և Մայր Հայաստանի անվտանգության ու զարգացման հարցերում: Ուստի, կարևոր է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել տարածաշրջանային ու համահայկական լայն համատեքստերում: Ստեղծված միջազգային և տարածաշրջանային իրողությունների պայմաններում Արցախի Հանրապետության օրակարգային հարցերի կենտրոնում շարունակում է առանցքային մնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային հանրության կողմից ճանաչման հարցը.  

Մենք մեծապես կարևորում և ողջունում ենք Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանն ուղղված միջազգային խոսույթը և ակնկալում, որ այդ գործընթացները գործնական դրսևորումներ կունենան:  

Հուսով ենք, որ միջազգային հանրությունը վերջնականապես կընդունի այն հանգամանքը, որ մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն ինքնանպատակ չէ: Մենք պայքարում ենք տնօրինելու մեր ճակատագիրը մեր հայրենի բնօրրանում և ճանաչման միջոցով ստանալու միջազգային երաշխիքներ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման հարցում:  

Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ու պաշտպանության տրամաբանությունից դուրս որևէ այլ գործընթաց կամ լուծում, անկասկած, տանելու է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ բնաջնջմանը: Մենք հաստատակամ ենք մեր ժողովրդի առջև ծառացած կենսական հարցերին լուծում տալու և բոլոր հնարավոր մեխանիզմներով մեր ազգային շահերը պաշտպանելու հարցում»:  

  • Կիսվել: