ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում դժվարություններն աշխատանքով են հաղթահարում. համայնքապետ

ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքում դժվարություններն աշխատանքով են հաղթահարում. համայնքապետ

ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ համայնքի բնակիչները ապրում ու արարում են հայրենի հողում` չընկրկելով դժվարությունների առաջ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մուշկապատ համայնքի ղեկավար Ռուբեն Մուսայելյանը: 7-8-րդ դարերում հիմնադրված գյուղն այսօր 271 բակիչ ունի, ովքեր իրենց ապագան տեսնում են միայն հայրենի եզերքում։

«Մինչև 2010թվականը գյուղում կոլտնտեսության գրասենյակ էր գործում. հենց այդտեղ էլ 2015թ․ կառուցվել է համայնքային կենտրոն, որտեղ գործունեություն են իրականացնում 160 տեղանոց ակումբը, բուժկետն ու գրադարանը։ Պետք է ասեմ, որ մեր համայնքի բնակիչները հաճախակի են օգտվում գրադարանից: Դպրոցի շենքը կառուցվել է 1983 թվականին: 2005 թվականին «Մանկության առաքելություն» հայ-ֆրանսիական կազմակերպության կողմից այն հիմնանորոգվել է. այստեղ կրթվում և դաստիարակվում է 43 աշակերտ։ 2019թ.-ից Մուշկապատում գործում է «Ես» կրթական հիմնադրամի ծրագիրը, որի ռազմավարական նպատակը գյուղերից երիտասարդների արտագաղթի կանխումն է»,-ներկայացրել է համայնքապետը` հավելելով, որ Մուշկապատի ազատ բնակֆոնդում 16 տուն կա, և սիրով կտրամադրեն թշնամու տիրապետության տակ անցած տարածքներից տեղահանված հայրենակիցներին:

Մեր զրուցակցի խոսքով` գյուղում է գտնվում 17-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ բնակիչների աղոթատեղին, որը պետական միջոցներով և բարերարի աջակցությամբ վերանորոգվել է 2017 թվականին: Ռ. Մուսայելյանի տեղեկացմամբ՝ գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, սակայն գազաֆիկացված չէ:

«44-օրյա պատերազմի ժամանակ մեր գյուղը երկու զոհ է տվել, երկու համագյուղացի էլ վիրավորվել են: Բայց մեր ժողովուրդը հայրենասեր է, նվիրված։ Հենց դա է պատճառը, որ ոչ մեկը գյուղից հեռանալու նպատակ չունի։ Իրենց համար զբաղմունք են գտնում։ Համայնքը 825,35 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք ունի: Հողն են մշակում, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ զբաղվում, մեղուներ պահում` դրանով փորձելով հաղթահարել կորուստն ու դժվարությունները: Մնում է` հարատև խաղաղություն լինի, որ հայրենիքը զարգանա, երկիրը ծաղկի»,-ընդհանրացրել է Ռ. Մուսայելյանը:

  • Կիսվել: