հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Մունք» տեխնոդպրոցը՝ իրականություն կամ ինչպես հավատացնել, որ հաջողելու ես․ արցախցուն Արցախում պահելը՝ առաքելություն

«Մունք» տեխնոդպրոցը՝ իրականություն կամ ինչպես հավատացնել, որ հաջողելու ես․ արցախցուն Արցախում պահելը՝ առաքելություն

Ընդամենը 67 միլիոն 562 հազար դրամ, որ Մարտունիի Հաղորտի գյուղում  «Ես կրթական հիմնադրամը» ստեղծեր տեխնոդպրոց՝ անվճար տեխնոլոգիական կրթություն ապահովելու համար Մարտունիի մի քանի գյուղերի դպրոցականների համար։ Անցած տարի աշնանը դրվեցին  այս   «թանկարժեք» նպատակի իրականացման հիմքերը, իսկ այսօր արդեն՝ ավելի շուտ հունիսի 18-ից սկսած, նպատակը դարձավ շոշափելի իրականություն․ պաշտոնապես բացվեց «Մունք» տեխնոդպրոցը։  «Տեխնոպարկ՝ Արցախի Մարտունիում», «ռե Արմենիա»  հարթակում մեկնարկած դրամահավաք-արշավը հասավ իր նպատակային հանգրվանին՝ համատեղ ջանքերով ստեղծվեց դպրոց՝ արցախցի դպրոցականին արցախում պահելու, կրթության, աշխատանքի և ինքնիրացման հնարավորություններ տալու  առաքելությամբ և «տեխնոառաքելությամբ»։ 

Zarkerak.am-ը ամիսներ առաջ, երբ դրամահավաքը դեռ ընթացքի փուլում էր անդրադարձել էր  նշված  գաղափարին։ Դեռ այդ ժամանակ «Ես կրթական հիմնադրամի» ուսանողներից Մանեն վստահեցնում էր՝ իրենք հաջողելու են․ «գաղտնիքը մեր ոգևորված աչքերի մեջ է»։  Արդեն այսօր էլ մեզ հետ զրույցում  «Ես կրթական հիմնադրամ» -ի հիմնադիր-տնօրեն Աշոտ Ավանեսյանը ոչ պակաս ոգևորությամբ պատմում է տեխնոպրոցի և ապագայի հավակնոտ պլանների մասին։

Աշոտ Ավանեսյան 

Տեխնոդպրոցը՝ մասնագիտական կողմնորոշման հնարավորություն

2019-ից մեկնարկած «Ես կրթական ծրագիրը» արցախցի դպրոցականների համար տեխնոկրթության մի քանի փուլեր է նախապատրաստել։ Առաջին փուլը բացահայտումն է, որը հիմա էլ ընթացքի մեջ է, ուսանողները ուսումնասիրում են ռոբոտաշինություն, ծրագրավորում, դիզայն և 3D մոդելավորում․ «Հիմա առաջին՝ բացահայտման փուլն է ընթանում, սա մշտական գործընթաց է  և չի դադարելու։ Իրականացվում է 5 համայնքներում՝  Հաղորտի, Մուշկապատ,  Բերդաշեն, Խնուշինակ  և Մարտունի»,- նշում է Աշոտ Ավանեսյանը։

Մոտ օրերս  արդեն տեխնոճամբարում բացահայտում փուլին մասնակցած 200-ից ավելի  ուսանողները կորոշեն, թե իրենց հոգեհարազատ մասնագիտական ո՞ր ուղղությունն են ընտրելու և զարգացնելու  իրենց հմտությունները․ «Կրթական ծրագրով վերջնական մասնագիտական կողմնորոշումը հենց տեխնոճամբարում է լինում։  Հուլիսի 2-ից սկսվում է մեր տեխնոճամբարը, որի ընթացքում ամբողջ Մարտունու շրջանից մեր բոլոր շահառուները վերջնական կողմնորոշիչ  դասընթացներն  են անցնելու իրենց նախընտրած ուղղությամբ և մասնագիտություն են ընտրելու»։

Իսկ տեխնիկապես հագեցած «Մունք» տեխնոդպրոցում  արդեն կապահովվի մասնագիտական կրթություն ստանալու գործընթացը,որն էլ հետագայում կապահովի արդեն պատրաստի մասնագետների մուտքը աշխատանքային դաշտ՝ բերելով աշխատաշուկան Արցախ։

Եվ գալու է սեպտեմբերը․․․

«Օգոստոս-սեպտեմբերին տեխնոդպրոցում ամբողջությամբ կմեկնարկեն նեղ մասնագիտական դասընթացները»,- նշում է Աշոտը։

 Այս պահի դրությամբ միջինում  40 աշակերտ է նախատեսվում ընդունել, բայց դիմումներն անհամեմատ շատ են․  «Առնվազն հաջորդ տարի ուսանողների այս թիվը կրկնապատկվելու է»։

«Այս տարվա համար պլանավորում ենք դասընթացներ անցկացնել ծրագրավորում, դիզայն , մարքեթինգ ուղղություններով»,- ասում է Աշոտը և հավելում, որ օրինակ ծրագրավորման՝ դասավանդող ուղղությունները կհստակեցվեն այն ժամանակ, երբ շահառուներն առավել կոնկրետ ընտրեն իրենց մասնագիտական ուղղվածությունը և պոտենցիալ գործատուների հետ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ 

«Մեր գործընկերների ոչ փոքր ցանկում է նաև Արցախի կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության՝ որպես պաշոտնական գործընկեր։ Նախարարությունը  ընթացիկ ծախսերում ֆինանսական աջակցություն են ցուցաբերում»,- ընդգծում է Աշոտը։

Գործընկերների շարքն այսքանով չի ավարտվում, համագործակցության փոքր ասպեկտներ էլ կան․ հեռավար դասընթացների, մաստեր կլասների, փորձի փոխանակման  ձևաչափերում․ «Սկսել ենք համագործակցել նաև Հայկական վիրտուալ համալսարանի հետ, արդեն երկրորդ ամիսն է՝ արհեստական բանականության դասընթաց են վարում մեր աշակերտներ համար, իրենք օնայն են վարում, մենք էլ օֆլայն ասիստենտ ունենք՝ արդեն տեղում աշխատող»։

Գործընկերային հարաբերությունների հաջորդ՝ կարևոր բաղադիչը մասնավոր սեկտորի հետ համագործակցությունն է՝ որպես տեխնոդպրոցի ուսանողների ապագա և հավանական գործատուներ․ «Համագործակցությունն այն տրամաբանությամբ է, որ մենք կադր ենք պատրաստում, իրենք աշխատանքի են վերցնում։ Գործընկերները  հիմնականում ՀՀ-ում գործող   IT ընկերություններն են, կան նաև երկու միջազգային ընկերություններ, որոնց համահիմնադիրների մեջ հայեր կան»։

Հավաքվեց 67 միլիոն և ավելի կամ ինչպես հավատալ տալ քեզ  

«Նախահաշվով նախատեսվում էր հավաքել 67․5 միլիոն, հավաքվեց 69 միլիոն դրամ, այսինքն՝ ավելին քան նախատեսվում էր»,- Աշոտն ուրախությամբ նշում է, որ որոշ դոնորներ նաև դրամահավաքի ավարտից հետո են նվիրատվություն կատարել։

 

 Ապագայի տեխնոպլանները․․․

Բացի Մարտունու Հաղորտիի «Մունք» տեխնոդպրոցից, ևս մի տեխնոդպրոց էլ գործում է մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ֆրանկոֆոնիայի կենտրոնում։ Աշոտը նշում է, որ այստեղ էլ թվով 150 շահառուներ մասնագիտական երկու ուղղություններով գիտելիքներ են ստանում։ Ներկայում սահմանված նշաձողը բավարա՞ր է Արցախում տեխնոառաքելությունը վերջնական հաջողված համարելու համար, թերևս՝ ոչ, դեռ պետք է ընդլայնվել․ «Նման նպատակ է դրված, չեմ կարող հստակ կանխատեսումներ անել, թե ինչ ինտենսիվությամբ։ Այժմ կարող ենք հստակ փաստել, որոնք ունենք երկու տեխնոդպրոց, իսկ Մարտունու շրջանի շահառու համայնքները  դեռ կաճեն, առնվազն սեպտեմբերից ևս երկու համայնք կավելանա»։

Սվետլանայի ճանապարհը․ Ասկերանից՝ Ստեփանակերտ

Ստեփանակերտի տեխնոդպրոցի 17-ամյա աշակերտ  Սվետլանա Մովսիսյանը տեխնոճամբարին է պատրաստվում, այնտեղ արդեն կորոշի՝ որ ուղղություն է ամենասրտամոտը․ «Ընդունվելիս մարքեթինգի ուղղությամբ էի ուզում շարունակել, բայց հետո հասկացա, որ դիզայնն ու ծրագրավորումն էլ է հետաքրքիր։Դեռ չեմ կողմնորոշվում»։   

Սվետլանային ճանապարհները պատերազմից հետո բերեցին նախ Ստեփանակերտ, հետո տեխնոդպրոց, որտեղ, ինչպես ինքն է ասում մեզ հետ զրույցում, կյանքը փոխվեց 180 աստիճանով․ «Մեր գյուղը՝  Ասկերանի շրջանի Մադաթաշենը, պատերազմից հետո մնաց օկուպացված տարածքներում։ Գյուղում հնարավորությունները շատ սահմանափակ էին, գալով այստեղ՝ Ստեփանակերտ  նոր հնարավորություններ բացվեցին իմ առաջ։ Սկզբում  մի քիչ դժվար էր, բայց հետո հասկացա՝  սա նոր հնարավորություն է առաջ գնալու, ավելի աճելու համար»։

Սվետլանա Մովսիսյան

Հիշում է ընկերներից մեկի խոսքերը, որոնք  օրերի ու ամիսների ընթացքում նաև իրենն են դարձել՝  մինչև  պատերազմը մենք ոչինչ չէինք անում  ու պիտի այ հիմա, պատերազմից հետո այնքան զարգանանք, որ ինչ-որ բան կարողանանք անել մեր երկրի համար։

Տեխնոդպրոցի բացմանը Սվետլանան հատուկ ոգևորությամբ էր սպասում, հենց դա էր պատճառը,որ Ստեփանակերտից հասնում էր Հաղորտի՝ սեփական ձեռքերով և բառիս ամենաուղիղ իմաստով  քարը քարին դնելու․ «Նախապատրաստական աշխատանքների ժամանակ Հաղորտիում էի, ճիշտ է շինարարության մեջ՝ փորձ չունեինք , բայց կարևորը սիրով էինք անում։ Իրեր էինք տեղափոխում, պատերն էինք լատեքս քսում, գունավորում։ Բակում  էին աշխատանք կատարում, ներկում էինք  ցանկապատերը»։

Հետո շատ «նեղ-անձնական» հարց, այդքան մեծ ու փոքր գործեր անելիս ընկերներով ի՞նչ էին քննարկում․ «Ապագայի պլանների մասին էինք խոսում, որ միասին ինչ-որ բիզնես սկսենք, ստարտափներ հիմնենք»։

«Ահավոր հիացած էինք, որ էն փոշու միջից ստացանք այդ հրաշքը, ու երբ մեր ընկերները գալիս էին, սենյակները հատուկ ձևով էինք ներկայացնում ՝  չէինք ասում սա այս սենյակն է, սա մյուս սենյակն է, ասում էինք՝  էս պատը ես եմ ներկել, էն պատը մյուսն է ներկել»։

Տեխնոդպրոցի պատերը ներկելիս Սվետլանան ժամանակ առ ժամանակ ներկերը նաև իր մտքերի ու երազանքների մեջ էր «թաթախում»․ «Մտածում էի , որ տեխնոդպրոցի շնորհիվ գյուղից երեխեքը չեն գնալու, մնալու են  իրենց գյուղում ու շենացնեն։ Տեխնոդպրոցի հիմնական նպատակը դա է։ Գիտեք՞՝ այստեղի սովորողնեերի հետ շփվելով հասկացել եմ, որ նրանք, ովքեր գնում են տեխնոդպրոց՝ լրիվ ուրիշ ձև են մտածում, հավատում են , որ այստեղ կա ապագա»։

Շուշեցի Սասունը 

Շուշիի Մեծ Շեն գյուղից  22-ամյա Սասուն Դավթյանի կյանքն էլ պատերազմից հետո փոխվեց։ Այժմ Սասունը « Ես կրթական հիմնադրամի»  կրթական ծրագրերի ղեկավարն է, իսկ սկզբում որպես խմբակավար էր․ «Աշխատանքի եմ  անցել շատ պատահական։  Պատերազմից հետո  դիմեցի հիմնադրամում աշխատանքի անցնելու համար, հայտերի ընդունման ընթացակարգը մի քիչ բարդացված էր , 70-ից ավել դիմորդ կար, 4  փուլով փորձաշրջան եմ  անցել»։

Սասուն Դավթյան

Սասունն ընդգծում է՝  երբեք իրեն չէր պատկերացրել հենց այս ոլորտում, բայց «պատերազմից հետո հասկացա,որ  եթե ինչ-որ բան ուզում ենք փոխել՝ միայն գիտության ու տեխնոլոգիայի զարգացմամբ կարող ենք դա անել։ Այդ միտքն էլ ինձ բերեց այստեղ» ։  

Ամենաառաջին զգացողությունը մեծ բավականությունն է։ Երբ մի բան ես անում, որին հավատում են մատների վրա հաշված մարդիկ ու դա իրականություն է դառնում, դրանից ավել երջանություն շատ քիչ դեպքերում է պատահում։  Երեխաների աչքերն էլ էին փայլում, որ այդպիսի հնարավորություն ունեն, պատմում է Սասունը ։  

Սասունը սեփական դերը հիմնադրամում և դպրոցում պարզ է բացատրում․ « Այստեղ ինձ զգում եմ երեխաներին օգնող մեկը , որը հնարավորություն է տալիս նրանց դառնալ մասնագետներ, որոնք չեն գնա երկրից, ու  վստահ կլինեն որ կա և՛ աշխատանք, և՛ ապագա»։

Նրան  հատկապես տպավորել է , որ Հաղորտիից երեխաներն էլ ակտիվ մասնակցում էին աշխատանքներին, երևի իսկապես գիտակցում էին՝ հնարավորությունների ինչ պատուհան է բացվելու իրենց առաջ, որ մնան, աշխատեն, արարեն Արցախում։

  • Կիսվել: