շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մինչեւ օրս Հադրութի ժողովրդին ոչ ոք չի առաջարկել վերադառնալ իրենց տները. դա եռակողմ հայտարարության խախտում է.Փաշինյան

Մինչեւ օրս Հադրութի ժողովրդին ոչ ոք չի առաջարկել վերադառնալ իրենց տները. դա եռակողմ հայտարարության խախտում է.Փաշինյան

Դա եւս մեկ ապացույց է այն բանի, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի տարածքների նկատմամբ: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը վերջին շրջանում հետեւողականորեն առաջ է քաշում, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի» փախստականների վերադարձի հարցը:

«Եթե շատ անկեղծ լինենք, ԼՂ հարցով բանակցությունների փակուղի մտնելը հենց այդ պատճառով է եղել, որովհետեւ ակնհայտ է եղել, որ ագրեսիվ գործողություններից հրաժարվելու մտադրություն Ադրբեջանը չունի ոչ մի պարագայում, եւ ձեր ասածը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ապօրինի ոտնձգություն է, որը հակասում է Պրահայի եւ Սոչիի պայմանավորվածություններին ու հայտարարություններին: Այսինքն, ըստ էության, Ադրբեջանը ագրեսիայի քաղաքականության նոր փուլ է սկսել»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ շատ հաճախ Հադրութից  բռնագաղթած ժողովուրդը կառավարության դիմաց ցույցեր է անում. «Մեծ հաշվով այդ մարդիկ ճիշտ են անում, որովհետեւ, օրինակ, եռակողմ հայտարարության դրույթներից մեկն ասում է, որ ներքին տեղահանվածները եւ փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո:  Մինչեւ այսօր Հադրութի ժողովրդին ոչ ոք չի առաջարկել վերադառնալ իրենց տները: Դա եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է Ադրբեջանի կողմից: Մենք այդ հարցը բարձրացրել ենք եւ շարունակելու ենք բարձրացնել: Նույնը Շուշիից տեղահանված հայությունը:

Ավելին ասեմ, ես կարծում եմ, որ հիմա օրինակ, մարդիկ նաեւ այդ թվում հայաթափված Նախիջեւանի ներկայացուցիչները հարցեր են բարձրացնում ՀՀ կառավարության առջեւ: Նրանք ասում են, որ ՀՀ կառավարությունը խոչընդոտում է, որ իրենք իրենց իրավունքները պաշտպանեն: Նաեւ գիտեք, որ Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ինչ մեծ արշավ է տեղի ունեցել:

Նախիջեւանը հայաթափվել է նախորդ դարից սկսած եւ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը եւ մի հայ չի մնացել Նախիջեւանում: Դուք գիտեք Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայությունը տեղահանվել , Շահումյանի շրջանի, Գետաշենի հայության տեղահանման մասին գիտեք: Մեր կառավարությունը երբեք չի խոչնդոտել, որ իրենք իրեցն իրավունքները հետապնդեն: Հարյուր հազարավոր մարդկանց մասին է խոսքը:

Հայաստանից բռնի տեղահանման դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել: Ավելին, մեր արխիվներում պհպանված են փաստաթղթեր, որ Խորհրդային Հայաստանի կառավարությունը աստղաբաշխական թվերով փոխհատուցումներ է վճարել ադրբեջանցիներին:

Նրանք ըտ էության, իրենց կամքով որոշել են գնան: Ադրբեջանցիների կոտորածներ Հայաստանում չեն եղել, իսկ Բաքվում, Սումգայիթում, Հադրութում, Շուշիում եղել են հայերի կոտորածներ: Գետաշենի ու Շահումյանի մասին գիտեք: Սա այն դեպքերից է, որ ասում է՝ փոխանակ սելը ճռռա, սելվորն է ճռռում»,-հայտարարեց Փաշինյանը:

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ է անելու Հայաստանի կառավարությունը, արդյոք չի պատրաստվում հակընդդեմ  պահանջ ներկայացնել, վարչապետը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ Նախիջեւանի հայերը, Հադրութի հայերը, Շահումյանի հայերը, Շուշիի, Կիրովաբադի, Շամխորի, Բաքվի, Սումգայիթի հայերը, եւ էլի շատ շրջանների հայեր, որոնք հազարամյակներ են այդտեղ ապրել, իրենց իրավունքները հետապնդելու, այդ թվում փոխհատուցումներ պահանջելու լիարժեք իրավունք ունեն: Ենթադրում եմ, որ իրենք կօգտվեն իրենց իրավունքները պաշտպանելու պատեհությունից»:

  • Կիսվել: