ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, իսկ մարդիկ հայտարարում են, թե Քարվաճառը մերը չէ. Դավիթ Բաբայան

Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, իսկ մարդիկ հայտարարում են, թե Քարվաճառը մերը չէ. Դավիթ Բաբայան

Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան և Ադրբեջանը շատ նպատակասլաց աշխատանքներ են տանում: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Դրա համար մի քանի տեխնոլոգիաներ կան, ռազմի դաշտից բացի նաև ներքին պառակտություններ են սերմանում և Կարմիր շուկայի հանձնման հարցը այդ տեխնոլոգիաների բաղադրիչներից է, սակայն որևէ մեկը Կարմիր շուկայի կարգավիճակը չի փոխել: Կարմիր շուկան հայկական է, Ադրբեջանին տալու, հանձնելու, կարգավիճակ փոխելու նպատակ չկա, չի էլ կարող լինել: Սա թող բոլորի համար պարզ լինի, մենք ամեն ինչ անելու ենք, որ գոնե եղածը պահպանվի»,-ասաց Բաբայանը:

Դավիթ Բաբայանը նշեց, որ պետք է զգույշ լինել հայտարարությունների մեջ, քանի որ այլ բան է, երբ թշնամին ասում է՝ Ստեփանակերտն իրենցն է, Երևանն իրենցն է և այլ բան է, երբ նման հայտարարություններ են հնչում մեր կողմից, օրինակ՝ Քարվաճառը երբեք մերը չի եղել կամ կասկածի տակ է դրվում նաև Շուշիի հայկական լինելու հարցը:

Արցախի արտգործնախարարի խոսքով՝ լուրջ բաց կա, որը եկել է տարիներ շարունակ և պետք է հստակեցնել, թե որն է Արցախ-Ղարաբաղ հասկացությունների տարբերությունները: Նա շեշտեց, որ աշխարհագրական, պատմական տարբերությունները գոնե պետք է չշեղեն այն հարցից, որ տարածքը հայկական է:

«Ի՞նչ է նշանակում՝ Քարվաճառը մերը չէ, Քարվաճառում Դադիվանքն է, Քարվաճառից սկիզբ են առնում Հայաստանի գետերը: Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, բայց նույն Ադրբեջանը կասի՝ հեսա, ասում են՝ մերը չէ: Ես չգիտեմ այս հայտարարությունները պատահական են, թե պատահական չեն, բայց այն մարդիկ, որոնք ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից, պատմությունից, չպետք է հայտարարություններ անեն, գոնե այս ձևով մենք զսպենք անցանկալի հայտարարությունները»,– ասաց նա:

Վերջինս նշեց, որ դեօկուպացիան ամենակարևորն  է և Արցախի արտաքին գործերի նախարարությունը որդեգրել է հետևյալ սկզբունքը՝ քիչ աղմուկ, շատ աշխատանք:

  • Կիսվել: