ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար

Մեկնարկում է փոխհատուցման համար ընդունվող դիմումների գործընթացը. ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար

Պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվում թշնամու տիրապետության տակ անցած և պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացված գյուղատնտեսական  գույքի դիմաց, մասնավորապես՝ գյուղտեխնիկայի և սարքավորումների մասով, ինչպես նաև  անասնագլխաքանակի՝ խոշոր  և մանր եղջերավոր անասունների, խոզերի և մեղվաընտանիքներիի դիմաց: 

ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Արցախպրես»֊ին հայտնեցին, որ պատերազմի հետևանքով գյուղատնտեսական գույքի կորուստների վերաբերյալ Մարտունու շրջանի բնակիչներին տրվող տեղեկանքների տրամադրման գործընթացը, պայմանավորված լրացուցիչ ճշտումների անհրաժեշտությամբ, կմեկնարկի ընթացիկ տարվա հունիսի  21-ից: 
 
«Քանի  որ  որոշակի տեղեկատվական բազա մնացել է թշնամու տիրապետության տակ, երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի ճշգրտումներ իրականացնենք գրանցված և չգրանցված անասնագլխաքանակի վերաբերյալ», - կայքի  հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նորայր Մուսայելյանը:
 
Նրա խոսքով՝ նախարարությունը ամեն օր շուրջ 200-250 շահառուի է կարողանում սպասարկել:
 
Նշենք, որ ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության մասնագետները սպասարկում են ժամը 09:30֊ից մինչև 13:00֊ն,  14:00֊ից մինչև 17:30֊ը։
 

  • Կիսվել: