ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մայիսի 23-ին Արցախում նշվում է լրագրողի մասնագիտական օրը. անդրադարձ

Մայիսի 23-ին Արցախում նշվում է լրագրողի մասնագիտական օրը. անդրադարձ

Արցախում՝ այսօր մայիսի 23-ին, նշվում է լրագրողի մասնագիտական օրը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանի նշել է, որ մասնագիտական տոնը նաև լրագրողների միասնության ու համերաշխության խորհուրդն ունի:

Нет описания.

«2009 թվականին Արցախի Ժուռնալիստների միությունում քննարկեցինք ու որոշեցինք տպագրել «Արցախի մամուլի պատմություն» ձեռնարկը: Հիմքն, ըստ էության, Շուշիում լույս տեսած 1874 թվականին լուսյ տեսած առաջին պարբերականի՝ «Հայկական աշխարհ» թերթի 135-ամյակը նշելն էր: Ձեռնարկի լույսընծայումն ինքնանպատակ չէր՝ այն ևս մի կռվան էր, որ Արցախը եղել է հայկական և մենք մեր նախնիների ավանդույթներն ենք շարունակում: Միտք հղացավ նաև ստեղծել մի այնպիսի տոնական օր, որպեսզի մենք կարևորենք ինքներս մեզ և մեր աշխատանքը, մամուլի առկայությունը որպես հին մշակութային փաստ և Արցախի հայապահպանության ևս մեկ վկայական: Արդյունքում՝ համապատասխան փաստաթղթերը պատրաստեցի ու ներկայացրեցի Կառավարութանը, որի կողմից մայիսի 23-ը ամրագրվեց Լրագրողի մասնագիտական օր»,- պատմել է Կ.Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ լրատվադաշտում կան տարբեր գաղափարների լրատվամիջոցներ, և հպարտանալու առիթն այն է, որ Արցախի լրագրողների միջև համերաշխություն կա:

«Ներկա պահին մեր լրատվադաշտը պասիվ վիճակում է։ «Ազատ Արցախ» հանրապետական թերթը շուրջ վեց ամիս է լույս չի տեսնում։ Էլեկտրոնայինը, այո, կա, բայց պետք է ունենա տպագիր տարբերակ։ Մեզ մոտ արդեն, կարելի է ասել, չեն գործում կուսակցական թերթեր, մինչդեռ կուսակցությունների մասին պետք է դատենք իրենց մամուլով, չկան գերատեսչական թերթեր, բացառություն է ԿԳՄՍ «Լուսարար» թերթը, որն ամիսը երեք անգամ է լույս է տեսնում և չի դադարեցրել իր գործունեությունը նույնիսկ շրջափակման պայմաններում, ինչը կարելի է գնահատել մեր պայքարի ոգու ևս մեկ արտահայտություն»,-մանրամասնել է Ժուռնալիստների միության նախագահը՝ ուրախությամբ նշելով, որ Արցախում կա լրագրողական մի ջոկատ, որը ցանկացած պարագայում պատրաստ է անթերի կատարել իր աշխատանքը։

«Շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ, թող միայն խաղաղ պայմաններում աշխատելու հնարավորություն ունենանք»,-եզրափակել է Կ. Գաբրիելյանը։

  • Կիսվել: