երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մարտունու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք

Մարտունու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք

Անցած գիշերվա ընթացքում Արցախի հյուսիս-արևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձ, որոնք տապալվել են։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Վաղ առավոտյան հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկվել սահմանագոտու այլ հատվածներում. հյուսիսում՝ Մարտակերտի, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավային հատվածում` տարբեր ուղղություններով։ Այսօրվա հարձակումները իրենց ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։

Բոլոր ուղղություններում Ադրբեջանի հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։

Մարտունու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ։

Այս պահին մարտերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններոց տապալվել են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։ Այդ թվում` Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են՛՛։

  • Կիսվել: