Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
՛՛Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Տուժածներ չկան։
Տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում:
Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:
Ապահովված է մարդասիրական բեռով ՌԲԿ ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,6 հա տարածք:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2519,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթյունավտանգ առարկա:
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում: