հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մարտունու դպրոցի սանը միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալ է նվաճել

Մարտունու դպրոցի սանը միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալ է նվաճել

Մարտունու համար 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Գևորգ Ավանեսյանը միջազգային օլիմպիադայում «կենսաբանություն» առարկայից նվաճել է արծաթե մեդալ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում, Գևորգը, անդրադառնալով օլիմպիադայի դժվարություններին և տպավորություններին, նշել է. «Օլիմպիադան կազմակերվել է հուլիսի 18-23-ը: Թեստը կազմված էր երկու մասից. առաջին մասում ընդգրկված էին միայն տեսական գիտելիքներ, իսկ երկրորդ մասում՝ տեսական-փորձարարական գիտելիքներ: Չեմ կարող ասել, որ շատ դժվար կամ շատ հեշտ էր, միայն կասեմ, որ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ էին հմտություններ, վերլուծություններ կատարելու կարողություն, տրամաբանություն, աշխատասիրություն»,- ասել է նա: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ հուլիսի 6-ից մինչև օլիմպիադայի օրը դպրոցական առարկայական օլիմպիադայի կենսաբանության բաժնի ղեկավար Գայանե Ղուկասյանը դասընթացներ էր կազմակերպում, ինչը նպաստեց գիտելիքների ամրապնդմանը:

Ըստ Գևորգ Ավանեսյանի կենսաբանություն ուսուցչուհի Ռիտա Եսայանի՝ Գևորգը միշտ էլ աչքի է ընկել իր խելացիությամբ, անսպառ գիտելիքներով ու կազմակերպվածությամբ: «Գևորգի նման խելացի երեխաները, առանց չափազանցության, 100 տարին մեկ են ծնվում. նա ունիկալ աշակերտ է, ով միայն հաճույք է ստանում իր կատարած ուսումնասիրություններից: Ես հպարտ եմ, որ ունեմ այնպիսի աշակերտ, ով նաև հայրենիքի հպարտությունն է»,- նշել է Ռ. Եսայանը: Գևորգ Ավանեսյանն այս տարի անվճար հիմունքներով ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Նա նպատակ ունի ուսումն ավարտելուց հետո իր գիտելիքներն ու մասնագիտական կարողությունը ի սպաս դնելու Արցախի զորացման գործին։

  • Կիսվել: